Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի մասնակցությունը ամենաբարձրն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին:

Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ԵՄ կողմից իրականցվող դրամաշնորհային ծրագրերից, հատկապես «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից բացառիկ հաջողություն են ունեցել:

2013 թվականին Հայաստանի յոթ բուհեր նշված ծրագրերի շրջանակում մասնակցել են շուրջ երկու տասնյակ նախագծերի, այդ թվում 8 ծրագրի համար հայաստանյան բուհերն ընտրվել են որպես համակարգող: Ընդգծելով, որ բուհերի միջազգայնացումն ու միջբուհական ուղղակի կապերի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, բարձրագույն կրթության ոլորտում՝ Ա. Աշոտյանը կարևորել է ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության շարունակականությունը:

Բարձր գնահատելով հայաստանյան բուհերի ակտիվությունը՝ Քլաուս Հաուպտը շեշտել է, որ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ ամենաբարձրն է: Նշելով, որ «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն արդեն ավարտվում են՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նախարար Ա.Աշոտյանին է ներկայացրել ԵՄ կողմից առաջարկվող «Էրազմուս պլյուս» ծրագիրը, որը հայաստանյան բուհերի համար միջազգային կապերի ընդլայնման նոր հնարավորություն է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությանը, ինչպես նաև մեկնարկող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս