Սահմանամերձ գյուղերի բնակիչները ստացան խմելու ջրից օգտվելու հնարավորություն

Շնորհիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության աջակցության` Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով տեղակայված Տավուշի մարզի հեռավոր Մովսես գյուղի բնակիչներն այժմ ունեն խմելու ջրից օգտվելու ավելի անվտանգ ու դյուրին հնարավորություն։ ԿԽՄԿ-ի ջանքերով վերանորոգված ջրամատակարարման ցանցը թույլ է տալիս ջրով ապահովել գյուղի բնակիչներին։ Կառուցվել է նաև ջրի ցամաքուրդ, որը սնուցում է ողջ գյուղի (1,350 մարդ) համար նախատեսված ջրավազանը։ Նման նախագծերը մաս են կազմում սահմանամերձ համայնքների համար իրականացվող ԿԽՄԿ-ի աջակցության տարաբնույթ ծրագրերի։

Տասնմեկ տնային տնտեսություն ջրով ապահովող ծրագրի շրջանակներում երկարացվել և բարելավվել է ջրամատակարարման ցանցը․ տեղադրվել է 580 մետր երկարությամբ խողովակաշար, 3,000 լիտր պլաստիկ ջրի բակ և հանրային օգտագործման համար ավտոմատ փականով ծորակ՝ ջուրը խնայողաբար օգտագործելու համար։ Նշված աշխատանքների արդյունքում հնարավոր դարձավ խմելու ջրի աղբյուրն ավելի մոտ բերել բնակիչների տներին, համեմատած նախկինում մեծ հեռավորության վրա գտնվող աղբյուրի։

«Տարիներ շարունակ այս շրջանն ապահովված չի եղել խմելու ջրով, և բնակիչները՝ հիմնականում տարեց մարդիկ, իրենց առօրյա կարիքները հոգալու նպատակով ստիպված են եղել մոտ 800 մետր ճանապարհ անցնել ջուր բերելու համար, – ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը` ավելացնելով, – Մեծապես գնահատում ենք, որ ԿԽՄԿ-ն ուսումնասիրեց մեր խնդիրները և հաջողությամբ իրականացրեց այս նախաձեռնությունը»։

«Այս տարածքը գտնվում է բարդ տեղանքում՝ բարձունքում», – բացատրում է ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ինժեներ Ռուբեն Բաղդասարյանը, – «և մեզ հաջողվեց գտնել ինժեներական այնպիսի մի լուծում, որի արդյունքում հնարավոր եղավ ջուրը հասցնել բարձրադիր այս հատված ինքնահոս տարբերակով։ Դա թույլ տվեց չտեղադրել ջրի պոմպ և խուսափել պահպանման հետ կապված հետագա ծախսերից»։

Ի լրումն նշված աշխատանքների, ԿԽՄԿ-ն Մովսեսում կառուցել է ջրի աղբյուրի ցամաքուրդ։ Այսուհետ՝ հոսելով նոր տեղադրված 200 մետր երկարությամբ խողովակով, ջուրը կլցվի 100 խորանարդ մետր տարողությամբ ջրավազան։ Գյուղի ողջ բնակչությունը կարող է օգտվել հավաքած ջրից ըստ անհրաժեշտության, հատկապես՝ ջրի պակասի և երաշտի ժամանակ։

«Մենք աշխատում ենք միջազգային սահմանի երկայնքի անապահով տարածքներում ապրող քաղաքացիական բնակչության հետ և մշակում մեր աջակցության նախագծերը՝ ելնելով համայնքի առկա կարիքներից», – ասաց  Ռուբեն Բաղդասարյանը։ «Այս տարի նմանատիպ նախագծեր են իրականացվել նաև Տավուշի մարզի Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում»։

Տեսանյութեր

Լրահոս