Վերջին հրաժեշտը Լավրենտի Բարսեղյանի հետ տեղի կունենա վաղը
Դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:
Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ: 1978-1985 թթ.` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն, 1984-1985 թթ. միաժամանակ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն: 1988-1991 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետն էր, 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:
Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ էր։ Նրա աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը։
Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998 թվականից) էր, «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003 թվականից)։
Մինչև կյանքի վերջին օրը Լավրենտի Բարսեղյանը աշխատել է Մանկավարժական համալսարանում և իր փորձն ու գիտելիքների անսահման պաշարը փոխանցել ուսանողներին:
Լավրենտի Բարսեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-20:00-ն, Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդի/: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Կառավարական հանձնաժողով