Բաժիններ՝

Ում ինչ է օգտակար ուտել ու ով ինչ չպետք է ուտի

Ինչպես պետք է սնվեն տարբեր տարիքի ու ապրելակերպի մարդիկ, ինչն է օգտակար և ինչը, ընդհակառակը կարող է վնասել օրգանիզմին: Այս ամենը կապված ու կախված է ձեր տարիքից, ապրելակերպից, սովորություններից ու օրգանիզմից: Առողջ սնունդը, իհարկե, ունի ընդհանուր չափանիշներ, բայց հավանականությունը, որ այն , ինչ օգտակար է մեկին կարող է վնասակար լինել մյուսին, շատ մեծ է: Aroxj.am-ը ներկայացնում է այն սննդատեսակները, որոնք օգտակար են այս կամ այն տարիքային խմբի ու տարբեր ապրելակերպի ու սովորությունների մարդկանց համար: Ով ինչ պետք է ուտի:

Երիտասարդներ՝
Հիմնական սնունդ՝  սպիտակուցներով հարուստ ուտեստներ ու մթերքներ

Սննդակարգում հարկավոր է ընդգրկել. Միս, ընկույզ, հատիկային սննդատեսակներ (հնդկաձավար, բրինձ),  կանաչեղեն,  մրգեր՝ հատկապես բանան, նարինջ խնձոր: Այս սննդատեսակները հարկավոր են օրգանիզմին արյան շրջանառության և արյունաստեղծ պրոցեսների համար, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ B6, B12, C, E, որոնք նպաստում են օրգանիզմում երկաթի բավարար քանակությունը ապահովելուն:

Հարկավոր է նվազեցնել կամ բացառել՝ կաթի օգտագործումը մեծ քանակությամբ, քանի որ այն սահմանափակում է օրգանիզմի՝ երկաթը իրացնելու հնարավորությունը

Ուշադրություն դարձրեք. Անեմիան առաջանում է երկաթի պակասությունից, ինչը չափազանց վտանգավոր է դեռահասության տարիքում: Պատանեկության և երիտասարդ տարիքում հարկավոր է խուսափել վեգետարիանական դիետաներից:

Մեծահասակներ

Հիմնական սնունդ՝ ցածր կալորիականությամբ մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ օգտակար նյութեր

Սննդակարգում հարկավոր է ընդգրկել.  Ցածր յուղայնությամբ կաթ ու կաթնային մթերքներ, ձու, ձուկ, անյուղ թռչնի մսատեսակներ: Հարկավոր է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հանքանյութեր: Դրանք մասնավորապես շատ են ալյուրից պատրաստված հացի, կարտոֆիլի և շիլաների մեջ: Անհրաժեշտ է նաև օգտագործել մեծ քանակությամբ մրգեր:

Հարկավոր է նվազեցնել կամ բացառել՝  օրգանական ճարպերի ու յուղերի գործածումը (դրանք վնասակար են սրտանոթային համակարգի համար), կաղամբը, լոբին (այս մթերքները դժվարամարս են)

Ուշադրություն դարձրեք ՝ ցանկացած մթերք ցանկալի է ուտել ոչ թե տապակած, այլ խաշած կամ եփած վիճակում

Պասիվ ու նստակյաց կյանք վարող մարդիկ
Հիմնական սնունդ՝  բջջանքով հարուստ սննդատեսակներ

Սննդակարգում հարկավոր է ընդգրկել.  Հնդկաձավար, բանջարեղեն՝ հատկապես  սխտոր, լոբի, գազար, մրգային հյութեր ու յոգուրտներ (աղեստամոքսային տրակտի աշխատանքի համար)

Հարկավոր է նվազեցնել կամ բացառել՝ յուղոտ մսատեսակների, ծխեցված մթերքներից ու ալյուրից պատրաստված սննդատեսակներից

Ուշադրություն դարձրեք. Եթե պասիվ ապրելակերպ վարող մարդը <<դուրս գալու>> խնդիրներ ունի, ապա անհրաժեշտ է օգտագործել ձիթապտղի յուղ (ավելացրեք այն աղցանների մեջ)

Ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ
Հիմնական սնունդ` հեշտ մարսվող ու օրգանիզմին էներգիա հաղորդող սննդատեսակներ

Սննդակարգում հարկավոր է ընդգրկել. Հանքանյութերով հարուստ սննդատեսակներ (բրինձ, շիլաներ, կարտոֆիլ, գազար, մեղր, ջեմեր): Սպիտակուցներով հարուստ սննդատեսակներից՝  տավարի ու թռչնի ցածր յուղայնությամբ միս, կաթ ու կաթնային մթերքներ, ինչպես նաև մրգեր

Հարկավոր է նվազեցնել  կամ բացառել՝ տապակած ուտեստները՝ խոզի միսը, կոնցենտրատներով հարուստ սննդատեսակները

Ուշադրություն դարձրեք. Ծանր ֆիզիկական աշխատանքը ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրգանիզմում բարձրացնում են թթվայնությունը, այդ պատճառով հարկավոր է օգտագործել մրգային հյութեր

Ծխողներ
Հիմնական սնունդ՝ վիտամիններով հարուստ սննդատեսակներ

Սննդակարգում հարկավոր է ընդգրկել. Մթերքներ, որոնք հարուստ են C, B6, E վիտամիններով ու ֆոլաթթվով: Հենց այդ վիտամիններն են հարկավոր օրգանիզմին, որ փոքր ինչ նվազեցնեն ծխախոտի ծխում պարունակվող տոկսինները: Դրանք հատկապես շատ են մորու, քաղցր պղպեղի,  գազարի, տերևային կանաչեղենի, կաղամբի, ցիտրուսային մրգերի մեջ: Հարկավոր է սննդակարգում ընդգրկել նաև ելակ, ընկույզ, բալ, ցածր յուղայնությամբ մսամթերք

Հարկավոր է նվազեցնել  կամ բացառել՝ սուրճի ու ալկոհոլի օգտագործումը: Ծխախոտը, սուրճն ու ալկոհոլը հատկապես վտանգավոր են միաժամանակյա օգտագործման դեպքում

Ուշադրություն դարձրեք.  Եթե ձեր մաշկը չափից ավելի չոր է, հարկավոր է սննդակարգում ընդգրկել որոշ յուղատեսակներ, որոնք հարուստ են թթուներով՝ ձիթայուղ, սոյայի յուղ: Օրը երկու գդալը բավարար է:

Պատրաստեց` Աննա Սարգսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս