Բաժիններ՝

«Երաժշտությունն ընդհանրապես չի հարցնում, թե երբ գա»

asparez.am-ը գրում է. Դեռ երկու տարեկանում, խաղալիքների խանութի հսկայական տեսականուց փոքրիկ Մարիանան ընտրում է բարձրախոսն ու դուրս գալիս. երեխան գնալու է երգի ճանապարհով, հենց այդ պահին մտածում են ծնողները:

12-ամյա Մարիանա Զաքարյանն այժմ սովորում է Գյումրու Գրիգոր Նարեկացու անվան թիվ 9 հիմնական դպրոցում, հաճախում է Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոց՝ վոկալի եւ դաշնամուրային բաժիններ: Մարիանան երգում է նաեւ «Տիրամայր Հայաստանի» երգչախմբում, որը ղեկավարում է մաեստրո Ռոբերտ Մլքեյանը:

Մարիանան պատմում է, որ ինքը վաղ հասակից է երգել, իսկ իր մեջ եղած տաղանդը նկատել եւ այդ ուղղությամբ նրան տարել է մայրը: «Իմ առաջին պարապմունքը եղել է ընկեր Երազիկի հետ՝ Երազիկ Հարությունյանի: Ճիշտն ասած, սկզբում շատ էի վախենում, բայց հետո հասկացա, թե ինչքան կարեւոր է ինձ համար երաժշտությունը ու սկսեցի սիրով հաճախել»,-պատմում է Մ.Հովհաննիսյանը:

12-ամյա աղջնակն արդեն մի քանի երգի հեղինակ է, իսկ առաջին ստեղծագործությունը նվիրել է իր դպրոցին.

«Դպրոցում էի, անգլերենի դասի էի նստած, շատ պատահական ինչ-որ նոտաներ եկան միտքս, որոնք անընդհատ ուղեղիս մեջ էր, մինչեւ ես դրանք գրեցի թղթի վրա: Սկզբում մտածում էի, որ երգը պետք է լինի անգլերեն, բայց հետո հասկացա, որ լինելով հայ, ես պարտավոր եմ իմ դպրոցի համար երգել հայերեն: Երաժշտությունն ընդհանրապես չի հարցնում, թե երբ գա: Երգի երաժշտությունը գրում եմ ես, իսկ բառերը գրում է Սոնա Զաքյանը: Նա մայրիկիս հետ է աշխատում, այդտեղից է սկսվել մեր ծանոթությունն ու համագործակցությունը»:

Թե ինչպես են Մարիանան եւ Ս.Զաքյանը համագործակցում իրար հետ՝ փոքրիկը երկար չի մտածում ու անմիջապես ընդգծում, որ իրենք կարծես թե մտովի են հաղորդակցվում, երբ ինքը ինչ-որ բան է մտածում, հաջորդ օրը Ս.Զաքյանը գալիս է եւ նույնը փոխանցում է իրեն, արդեն թղթին հանձնած. «Ամբողջությամբ ավարտված 4 երգ ունեմ, որոնք ներկայացվել է հանդիսատեսին: Վերջերս նաեւ ծնունդ առավ «Հանուն կյանքի» երգը, որի ձայնագրումը հովանավորեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մյուս երգերս ձայնագրվել են միայն ծնողներիս աջակցությամբ: Երաժշտության մեջ կարեւորը անկեղծությունն է, եթե երգով բան ես ուզում ասել՝ դա պետք է այնպես մատուցել սկուտեղի վրա, որ անմիջապես ընկալվի: Իմ երգերն առաջինը լսում է իմ ուսուցիչ Վարդգես Ադամյանը»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս