Ալիևը փորձ է կատարում վերադառնալ դեպի անցյալ. Դավիթ Բաբայան

Երեկ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով ադրբեջանաղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել՝ ասելով, որ չնայած ինտենսիվ բանակցային գործընթացին, հայկական կողմը մի քանի շաբաթ առաջ զորավարժություններ է անցկացրել իբր ոչ թե ԼՂԻՄ-ի, այլ «օկուպացված» Աղդամի շրջանում և խոչընդոտել է հակամարտության խաղաղ կարգավորումը։

Արձագանքելով Ի. Ալիևի հայտարարությանը՝ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հերթական անգամ վկայում է այդ երկրի ապակառուցողական քաղաքականության մասին, քանի որ, բաժանելով ներկայիս Արցախի Հանրապետության տարածքը նախկին ԼՂԻՄ-ից, Ալիևը այս ձևով փորձ է կատարում վերադառնալ դեպի անցյալ, կրկին ապացուցելով, որ իր երկրի իշխանությունը հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ մոտեցում չունի:

«Ինչ վերաբերում է զորավարժությունների շահարկմանը, ապա լավ կլիներ Ալիևը նախ բացատրություն տար, թե ինչով էր պայմանավորված ադրբեջանական կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման և նրա անկման վայրին մոտենալուն մինչև վերջ խոչընդոտելը: Դա կարելի է որակել՝ միայն որպես ահաբեկչություն: Իսկ այն, որ Ալիևը հայտարարում է, թե իրենք կխոցեն նաև այն ինքնաթիռները, որոնք կփորձեն Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական չվերթներ իրականացնել, կրկին ցույց է տալիս Ադրբեջանի իշխանության ֆաշիստական կեցվածքը»,- ասել է Դ. Բաբայանը և հավելել, որ, այնուամենայնիվ, նման հայտարարությունները ԼՂՀ իշխանությունների վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, և իրենք շարունակելու են ամրապնդել Արցախի պետականությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031