ՌԱԿ-ե սթափության կոչ է անում Երուսաղեմի Հայոց պատրիարքին

ՌԱԿ հանրապետական վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ցավով ծանոթացանք Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Երուսաղեմի
Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակին, որն ավելի շուտ
հայհոյախառն պարսավագիր էր, մեր Եկեղեցու 1713 տարիների պատմության
մեջ իր ոճով ու ոգով անօրինակ ու անհարիր ոչ միայն բարձրաստիճան
եկեղեցականին, այլև պատասխանատու որևէ անհատի:

Հավանաբար մասնագիտական ախտորոշման ենթակա իր ներքին ինչ-ինչ
բարդույթներից մղված Նուրհան պատրիարքը ձգտում է ամեն գնով
ինքնահաստատվել: Այլապես նա իր պարսավագիրը Մայր աթոռ չէր առաքի
համացանցի միջոցով, հետգրության մեջ իր այդ արարքը փորձելով «բացատրել»
Վեհափառ Հայրապետին ուղղված իր նախորդ նամակի անպատասխան մնացած
լինելու` այժմ արդեն հերքված «փաստով»:

Հակառակ պարագայում, որքան էլ որ դժգոհ մնացած լիներ Մայր աթոռի
Գերագույն հոգևոր խորհրդի կողմից եպիսկոպոսացման համար իր առաջադրած
թեկնածուներից մեկի մերժման առթիվ ու թերևս հենց դրա’ համար Նուրհան
պատրիարքն ընդառաջ կգնար Մայր աթոռ գալու Վեհափառ Հայրապետի` առկա
հարցերը համատեղ քննարկելու հրավերին: Անշուշտ, եթե նրա բուն նպատակը
առկա խնդիրները փոխադարձ հասկացողությամբ լուծելը եղած լիներ, ինչպես
վայել է բարձրաստիճան եկեղեցականին:

Իր պարսավագրում Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի խորշում անգամ
հետին թվով Մայր աթոռում սեպտեմբեր ամսին գումարված ներկայացուցչական
ժողովը «թատերական» որակելուց: Նա այդ ժողովին է վերագրում «Երուսաղէմի
Հայոց Պատրիարքության Առաքելական և Նուիրապետական Աթոռը ինչ-որ
«թեմի» մը վերածելու» հետին նպատակ: Մինչդեռ հայտնի է, որ հենց այդ
ժողովում է, որի գլխավոր խնդիրը Հայ եկեղեցու համար մեկ և միասնական
սկզբունքների մշակումն էր, տեղի է տրվել Երուսաղեմի ներկայացուցիչների
ճնշումներին և մեր կարծիքով անտեղի զիջումներ կատարվել որդեգրված
սկզբունքներից:

Ռամկավար Ազատական կուսակցությունը համոզված է, որ վաղուց
ժամանակն է, որ Հայ եկեղեցու միասնության գաղափարը օրինավորապես
արմատավորվի և կիրառվի անխտիր նվիրապետական բոլոր աթոռների ու
թեմերի կողմից:

Կուսակցությունը սթափության կոչ է անում Երուսաղեմի Հայոց
պատրիարքին և նրա գլխավորած միաբանությանը և գտնում, որ Հայ եկեղեցու
միասնության գաղափարին հավատարիմ յուրաքանչյուր պատասխանատու
հոգևորական անհրաժեշտաբար պետք է շինարար ու գործնական մոտեցմամբ
նպաստի հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե համացանցով կամ այլ
անընդունելի ձևերով անտեղի շփոթ և աղմուկ ստեղծի»:

Երևան, 1 դեկտեմբեր 2014թ.

Տեսանյութեր

Լրահոս