ԱԺ-ն քննարկում է ԵՏՄ պայմանագիրը
Քիչ առաջ Ազգային ժողովի հերթական նիստում մեկնարկել են «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԵՏՄ կառուցվածքը և թե ինչ է սպասում ՀՀ-ին ԵՏՄ-ին անդամակցության դեպքում:
Ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցերի, թե ՀՀ ո՞ր պարտավորություններն են խախտվում, կամ ո՞ր պայմանագրերին է հակասում, Ս.Կարայանը նշեց, որ ԱՀԿ-ին միանալու համաձայնագրով որոշակի պարտավորությունների է վերաբերում, մասնավորապես՝ ՀՀ-ն պարտավորվելու է ընդունել ԵՏՄ-ի միասնական մաքսային դրույքաչափերը, որի դեպքում որոշ ապրանքների գծով մաքսադրույքաչափն ավելի բարձր կլինի, քան ԱՀԿ պայմանագրով է ստանձնել: Ըստ նրա՝ ԵՏՄ անամների հետ համատեղ կիրականացվեն բանակցություններ ԱՀԿ-ի հետ և անհամաձայնությունների դեպքում պատասխանատվությունը մնալու է ԵՏՄ վրա, ոչ թե ՀՀ-ի: Նա նշեց, որ ոչ մի պայմանագիր չի կասեցվելու: Ս.Կարայանը նաև հավաստիացրեց, որ 2015թ. պետական բյուջեն ցնցումների կամ փոփոխությունների չի ենթարկվի: