Բաժիններ՝

Աղբը ոչ սահմանված վայրերում թափողները կտուգանվեն. քաղաքապետարան

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:

Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարկում նախ ներկայացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դեռևս 2012թ.-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:

«Աղբահանության կազմակերպումը յուրաքանչյուր մեծ քաղաքի համար է լուրջ հիմնախնդիր ու Երևանն էլ բացառություն չէ: Եվ մենք ոլորտի կանոնակարգման ուղղությամբ դեռևս 2012 թվականից սկսեցինք կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նախ ներգրավեցինք միջազգային խորհրդատու կազմակերպություն, որը, հիմք ընդունելով արտադրվող աղբի ծավալներն ու առավելագույն մակերեսների համաչափությունը, առաջարկեց Երևանը բաժանել երկու հատվածների՝ Արևմտյան և Արևելյան, և այդ սկզբունքով անցկացնել մրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչված երկու ընկերություններն, ըստ պայմանագրի, 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ վերոնշյալ երկու օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո, հատուկ նշանակության մեքենասարքավորումների պատվիրման, դրանց արտադրության և Հայաստան տեղափոխելու հետ կապված, օբյեկտիվորեն պահանջվում էր մոբիլիզացիոն երկար ժամանակ, ինչը և տրամադրվեց նրանց:

Արևմտյան հատվածով հաղթող ճանաչված օպերատորը՝ «Sanitek s.a.r.l» ընկերությունը, ներկայումս ներկրել է ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ մայրաքաղաքում տալիս է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:

«Գործընթացն առայժմ կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց և ծառայությունները հունի մեջ գցելուց հետո հերթականությամբ կանցնի մյուս վարչական շրջաններ: Այսպիսով կարող ենք ասել, որ արդեն այսօրվանից Երևանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ, ինչի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին»,- ընդգծել է քաղաքապետը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով նոր մեքենասարքավորումներն ու գործընթացի մանրամասները, «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մադլեն Էլ Բոլբոլը համոզմունք է հայտնել, որ, հաշվի առնելով աղբահանության և սանմաքրման ոլորտում ծառայությունների մատուցման մասնագիտացած, երկարամյա փորձը, ընկերության մատուցած ծառայությունները կբավարարեն Երևանի բնակիչների սպասումներն ու կարդարացնեն Երևանի քաղաքապետարանի վստահությունը:

«Մեր կողմից շուրջ 10 մլն եվրոյի ներդրում է կատարվել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք իսկապես լրջորեն տրամադրված ենք մուտք գործում Երևան քաղաքի համար շատ կարևոր այս ոլորտ: Մեր կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կիրականացնենք ինչպես աղբահանություն, այնպես էլ սանմաքրման աշխատանքներ: Ներկայումս ունենք 150 աշխատակից, բայց այդ թիվը դեռևս աճելու է և հասնի մինչև 300-ի:

Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ»,- նշել է Մադլեն Էլ Բոլբոլը:

Լրագրողների հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ որակյալ ծառայությունների մատուցումից հետո բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու:

«Այս ծառայությունով պայմանավորված՝ աղբահանության վճարի չափը 2015թ.-ին չի փոխվելու, քանի որ կազմակերպությունների խոշորացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին նախատեսում ենք նույն գումարով որակյալ ծառայության մատուցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Նկատենք, որ հայտարարված մրցույթի բնութագրերի համաձայն՝ հայտ ներկայացնող կազմակերպությունները պարտավորվել էին ոչ միայն ամբողջությամբ եվրոպական նոր համապատասխան տեխնիկայով փոխարինել աղբահանության և սանմաքրման մեքենասարքավորումները, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր աղբամաններ տեղադրել, այլև բնութագրերով ներկայացվող պայմանների թվում նաև նոր չափորոշիչների և վերահսկման տեխնիկական նոր մեխանիզմների ներդրմամբ ու կիրառմամբ (աղբատարների GPS համակարգով համալրվածություն, հստակ քարտեզներով աշխատանքի կազմակերպում և այլն) ծառայությունների մատուցման պահանջ էր դրված, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել աղբահանության գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս