Սերժ Սարգսյանը «գրողի ծոցը» կուղարկի՞ ԵՏՄ պայմանագիրը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցման մասին պայմանագրին, այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով` իրենք դեմ են այդ պայմանագրին, որովհետև, իրենց կարծիքով, Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին հակասահմանադրական է և զիջում է Հայաստանի ինքնիշխանությունը` սահմանափակելով տնտեսական ոլորտում Հայաստանի ինքնուրույնությունը:

«Մի քանի ամիս հետո, եթե Աստված չանի` Հայաստանը մտնի այդ միավորման մեջ, կտեսնենք, որ նաև մտնելու է Հայաստանի քաղաքացու գրպանի մեջ, և Հայաստանի քաղաքացին կզգա այդ որոշման հետևանքները: Չի բացառվում, որ փաստացի գործող այս նախագահը կամ հաջորդը մի քանի տարի հետո «գրողի ծոցը» ուղարկի նաև այս պայմանագիրը, բայց ափսոս է լինելու այս կորսված ժամանակը,աղքատությունը և արտագաղթը, որը շարունակվելու է: 23 տարի առաջ ես պատիվ ունեի բարձրացնելու Հայաստանի պետական դրոշը ՄԱԿ-ի առջև, որպեսզի 23 տարի հետո մենք զիջենք այդ դրոշը և մեր սահմանադրությունը,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա շեշտեց` թող ոչ ոք այդ դիրքորոշման մեջ չփնտրի իր ծննդավայրը կամ հակառուսականություն. «Մենք կողմնակից ենք ինքնիշխան, ազատ անկախ Հայաստանի և հորիզոնական, ռազմավարական կապերի բոլոր երկրների հետ, ովքեր հարգում են մեր շահը և մեր իրավունքը` Ռուսաստանից սկսած մինչև Ամերիկա, Բրյուսել, Չինաստան, Իրան, Վրաստան»:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` տարակուսելի է իշխող կուսակցության և այդ անդամակցությանը կողմ արտահայտվող այլ ուժերի փաստարկը, թե Հայաստանը ստիպված միանում է ԵՏՄ-ին, որովհետև այլընտրանք չունի. «Դա խոստովանություն է, որ պետականություն չունենք, որովհետև պետականությունը, անկախ իշխանությունից և ընդդիմությունից, միշտ պիտի ունենա այլընտրանք: Ի՞նչ է նշանակում այլընտրանք չունենք: Մենք պիտի ունենանք բազմականացված արտաքին քաղաքականություն, իսկ սրա աղբյուրն, իհարկե, իշխանությունն է»:

Տեղեկացնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրն այսօր քննարկվելու է Ազգային ժողովում:

 

Տեսանյութեր

Լրահոս