ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած տեղեկատվությունը
Ինտերնետային կայքէջերում հրապարակվել է «Ոստիկանության աշխատակիցների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի» վերտառությամբ հոդված այն մասին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել նույն քաղաքի բնակիչներ և հայտնել, որ 2014 թ. հուլիսի 1-ին իրենց բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, խուզարկել են բնակարանը, որից հետո, ժամը 15:00-ի սահմաններում, նրանց դստերը տարել են ոստիկանության բաժին ու մինչև ժամը 23:00-ն հարցաքննել:
Այնուհետև` 2014թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, բնակարանի խուզարկության նպատակով իրենց բնակարան են այցելել ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի 4 ծառայողներ, ովքեր հայտնել են, որ ցանկանում են խոսել իրենց դստեր հետ:
Քանի որ նա գտնվել է Երևան քաղաքում, իրենց հետ տարել են վերջինս հորը: Ոստիկանության բաժնում նրա նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, արգելել են կատարել հեռախոսազանգեր, սպառնացել, որ ծեծի կենթարկեն և կզրկեն աշխատանքից, եթե չհայտնի դստեր գտնվելու վայրը:
Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, 24-ամյա քաղաքացուհին ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ հարցաքննության ընթացքում ոստիկանության ծառայողները վերջինիս ենթարկել են հոգեբանական ճնշումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Ոստիկանության բաժնում նրան պահել են մինչև նոյեմբերի 12-ի ժամը 3:30-ը, այդ ընթացքում սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ վերջինս տվել է խոստովանական, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Բացի այդ, ոստիկանության ծառայողները նրան վստահեցրել են, որ իր տված ցուցմունքների մասին որևէ մեկը չի իմանա: Աղջիկն իր ցուցմունքների բովանդակության մասին, ոստիկանության ծառայողների հորդորով, ծնողներին չի հայտնել մինչև 2014թ. նոյեմբերի 20-ը, որից հետո, ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ճնշումների արդյունքում ձեռք բերած ցուցմունքների լրջությունը հասկանալով, ինքնասպանություն կատարելու նպատակով մեծ քանակությամբ դեղամիջոց է կուլ տվել:
Ինքնասպանության փորձի դրդապատճառների ուսումնասիրության հարցով ոստիկանության ծառայողներն նրան չեն այցելել և սահմանված կարգով ընթացք չեն տվել: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ուսումսիրության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ներկայացված տեղեկանքի համաձայն, ըստ քննությամբ այս պահին ձեռք բերված ապացույցների, 2013 թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ա. Բ.-ն (հրապարակման մեջ նշված 24-ամյա աղջիկը), ամուսնության նպատակով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մի քաղաքացու հետ, այնուհետև, հարաբերությունները խզելուց հետո, տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է ամուսնանալ Մ. Ս.-ի հետ, վրեժխնդիր լինելու դրդապատճառներով ֆոտոշոփ ծրագրի միջոցով 2013թ. հուլիս ամսին Վանաձոր քաղաքի իրենց տանը «Lenovo G570» մակնիշի դյուրակիր համակարգիչով Մ. Ս.-ի լուսանկարներից գլխի հատվածները մոնտաժել է և տարածելու նպատակով տեղադրել պոռնոգրական բնույթի լուսանկարների վրա` պատրաստելով պոռնոգրական բնույթի նյութ:
2013 թ. հուլիս ամսից մինչև 2014 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար նվաստացրել է նրա անձնական արժանապատվությունը, «odnokiassniki.ru» և «Вконтакте» սոցիալական կայքերում վերջինիս անվամբ բացել է անձնական էջեր, որոնցում տեղադրել է հիշյալ պոռնոգրական բնույթի նյութերը և տարածել` հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին, ինչի հետևանքով Մ. Ս.-ն ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է նետվել իրենց տան պատուհանից: Բացի այդ, Ա. Բ.-ն 2014 թ. մարտ-ապրիլ ամիսներին կրկին ամուսնության նպատակով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մեկ այլ քաղաքացու հետ:
Հարաբերությունները խզելուց հետո, պարզելով, որ վերջինս ցանկանում է անուսնանալ Ն. Ն.-ի հետ, վրեժխնդիր լինելու դրդապատճառներով կրկին նույն եղանակով և նույն համակարգչով Ն. Ն.-ի և նրա եղբոր լուսանկարներից մոնտաժել և տարածելու նպատակով պատրաստել է պոռնոգրական բնույթի նյութ ու դրանք տարածել է` «odnokiassniki.ru» սոցիալական կայքում նրանց տվյալներով անձնական էջեր բացելով: 2014թ. հուլիսի 1-ին Ա. Բ.-ի տանը կատարված խուզարկությամբ առգրավված «Lenovo G570» մակնիշի դյուրակիր համակարգչում դատահամակարգչատեխնիկական փորձաքննությամբ հայտնաբերվել են Ն. Ն.-ի դիմանկարներով մոնտաժված պոռնոգրական բնույթի լուսանկարները:
2014թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում Ա. Բ-.ն հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստավանական բնույթի ցուցմունքներ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2014թ. նոյեմբերի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի, 263-րդ հոդվածի 1-ին մասի և 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առաջադրված մեղադրանքում Ա. Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Միաժամանակ պարզվել է, որ 2014 թ. նոյեմբերի 23-ին, ժամը 21.10-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունքից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ «դեղորայքային գերդոզավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ա. Բ.-ն: Մեկնել են օպերատիվ խումբը և քննիչը: Սահման¬ված կարգով ահազանգը գրանցվել է նույն բաժնի թիվ 2-րդ մատյանի 2336 համարի ներքո, այնուհետև վերագրանցվել է 1-ին գրքում: 2014թ. նոյեմբերի 23-ին տրվել է օպերատիվ հաղորդագրություն:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որի ընթացքում Ա. Բ.-ն բացատրություններ չի տվել` վատ ինքնազգացողության պատճառով: 2014 թ. նոյեմբերի 26-ին Ա. Բ.-ի մոր հետ կատարված հեռախոսազանգով վերջինս, նրա ամուսինը և դուստրը հրավիրվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` հիշյալ հրապարակման կապակցությամբ բացատրություններ տալու համար: Մայրը հայտնել է, որ կխորհրդակցի իրենց փաստաբանի հետ և կորոշեն ՆԱ վարչություն գալու նպատակահարմարությունը:
2014 թ. նոյեմբերի 28-ին զանգահարել է Արայիկ Զալյանը, ներկայացել որպես փաստաբան և հայտնել, որ վերջիններս ՆԱ վարչություն չեն ներկայանա, և եթե բացատրություններ վերցնելու անհրաժեշտություն է առաջացել, ապա այդ կապակցությամբ հիշյալ վարչության աշխատակիցները կարող են այցելել Վանաձոր քաղաք:
«Pastaban.am» ինտերնետային կայքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արայիկ Զալյան» տվյալներով փաստաբան ՀՀ փաստաբանների պալատում գրանցված չէ: Հարկ է նշել, որ նախաքննության ժամանակ Ա. Բ.-ն 2014թ. նոյեմբերի 11-ին, ժամը 21:55-ից 1:30-ը, որպես կասկածյալ և 2014թ. նոյեմբերի 18-ին ժամը 20:15-ից 22:00-ն որպես մեղադրյալ ցուցմունքներ է տվել: 2014թ. նոյեմբերի 29-ին ժամը 19:30-ից 19:41-ը որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք է տվել փաստաբան Տ.Սաֆարյանի մասնակցությամբ: Առաջիկայում ՀՀ ոստիկանությունը կներկայացնի առավել մանրամասն տեղեկատվություն` լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրության արդյունքներով:
ՀՀ ոստիկանություն