Եղվարդի մանկապարտեզում երեխաների առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության ներքո
Հիվանդներին վաղ հայտնաբերելու նպատակով շարունակվող բակային համայցերի արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն հոսպիտալացվել է ևս 2 երեխա, ինչպես նաև դաստիարակչուհիներից մեկը։ Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլորն անհրաժեշտ բուժում են ստանում, ինչի արդյունքում նրանց առողջական վիճակը բարելավվում է։
Նոյեմբերի 28-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն ընդունված 11 երեխա այսօր դուրս է գրվել։Այդպիսով, նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ի դրությամբ մանկապարտեզում արձանագրված թունավորումից Եղվարդի հիվանդանոցում շարունակում է բուժվել 3-6 տարեկան 41 երեխա և 1 մեծահասակ։
Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ։ Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։
Առողջական դրական տեղաշարժ է նկատելի նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող փոքրիկի մոտ։ Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, հիվանդանոցային բուժում են ստանում 60 երեխա և 1 մեծահասակ։ Հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Երեխաների առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության ներքո:
ՀՀ Առողջապահության նախարարություն