Մոլդովայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոլդովայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտարարել է Մոլդովայի ԿԸՀ-ի նախագահ Յուրի Չոկանը: Գրեթե 2000 ընտրատարածք բացվել է տեղական ժամանակով ժամը 07.00-ին:
Արտասահմանում գործում է 95 կետ: Ընտրությունները կավարտվեն տեղական ժամանակով ժամը 21.00-ին: Դրանք կհամարվեն կայացած, եթե դրանց մասնակցի ընտրացուցակներում ընդգրկված բոլոր ընտրողների (ավելի քան 3.2 միլիոն մարդ) 1/3-ը: Առաջին արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից արդեն մեկ ժամ անց:
Հասարակական կարգի պահպանումն ապահովում է մոտ 4000 ոստիկան, որոնց արգելվել է մոտենալ ընտրատարածքներին: Ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին հետևում է ավելի քան 3000 դիտորդ: Նրանց թվում կան ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու ԱՊՀ-ի ներկայացուցիչներ:
Չնայած նրան, որ քվեաթերթիկներում նշված է ռուս գործարարի գլխավորած «Ռոդինա» կուսակցության մասին` այդ կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին: Նոյեմբերի 29-ին Մոլդովայի Գերագույն դատարանը հաստատել է խորհրդարանական նախընտրական մրցավազքի մասնակիցների թվից այդ կուսակցությանը բացառելը: