Ֆերգյուսոնում Մայքլ Բրաունին սպանած ոստիկանը հրաժարականի դիմում է գրել
CBS News-ի փոխանցմամբ` ոստիկան Դարեն Ուիլսոնը, ով օգոստոսի սկզբին ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում սպանել էր աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին, հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Նիլ Բրյունտրեգերը:
Ոստիկանն օգոստոսի 9-ից գտնվում էր ծառայողական վճարովի արձակուրդում: Ուիլսոնը նախկինում նույնպես հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ ոստիկանությունից, որպեսզի չվարկաբեկի իր գործընկերներին: Նա քանիցս հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու չի զգում խղճի խայթ:
Ուիլսոնն իր ոստիկանական կարիերան սկսել Ջեննիգս քաղաքում, իսկ մի քանի տարի առաջ նրան տեղափոխել են Ֆերգյուսոն: Նա ունի հիանալի ծառայողական ցուցակ, անձնական գործում չկա նրա գործողությունների նկատմամբ որևէ բողոք: Մայքլ Բրաունի հետ միջադեպից ամիսներ առաջ նա շնորհակալագիր է ստացել` թմրանյութ փոխադրող կասկածյալին ձերբակալելու համար:
Ֆերգյուսոնի ոստիկանապետ Թոմաս Ջեքսոնը պաշտոնաթող գործընկերոջը որակել է որպես «հրաշալի ոստիկան»: Մայքլ Բրաունի սպանությունը կատարվել է օգոստոսի 9-ին: Ականատեսների մի մասը պնդում է, որ ոստիկանի ու սևամորթ դեռահասի միջև վեճ է ծագել, և ոստիկանը կրակ է բացել` չնայած նրան, որ Բրաունը դեպի վեր բարձրացրած է եղել իր ձեռքերը:
Ոստիկանության պնդմամբ` Բրաունն ինքն է հարձակվել ոստիկանի վրա, ինչը հաստատում են մյուս ականատեսների ցուցմունքները: Միջադեպից հետո Ֆերգյուսոնում բռնկվեցին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք տևեցին մի քանի շաբաթ:
Նոյեմբերի 24-ին դատարանը որոշեց պաշտոնական մեղադրանք չներկայացնել ոստիկանի դեմ` ընդունելով ոստիկանության փաստարկները: Դրանից անմիջապես անց Ֆերգյուսոնում ու ԱՄՆ-ի մյուս քաղաքներում վերստին սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ: