Կառավարությունը հավանություն է տվել «Պետբյուջե-2015» նախագծին

Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը:

Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետը շնորհավորել է ներկաներին հեռուստամարաթոնի անցկացման առթիվ` կարևորելով յուրաքանչյուր հայի ոչ միայն նյութական, այլև բարոյական աջակցությունը հայրենիքում իրագործվող ծրագրերին: Նա կոչ է արել գերատեսչությունների ղեկավարներին` բոլոր աշխատակիցներին ներգրավել համազգային դրամահավաքին, որն ուղղված է հանրապետության ենթակառուցվածքների, դպրոցաշինության և այլ ոլորտների զարգացմանը:

Նիստում գործադիր մարմինը քննարկել է «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Նա ընդգծել է, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նախագահի նախընտրական, կառավարության 2012-17թթ գործունեության, ինչպես նաև 2014-2016թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերով ամրագրված սկզբունքներով: Ս. Թևոսյանը նշել է, որ 2015 թվականի համար համախառն ներքին արդյունքի ծավալը նախանշվում է 212.3 մլրդ դրամի չափով` 9.0 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ:

Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում` 2015թ.համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 83մլրդ 246 մլն, ծախսերի գծով` 88 մլրդ 127 մլն դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 4 մլրդ 881 մլն դրամ` համախառն ներքին արդյունքի 2.3 տոկոսի չափով:

Պետական բյուջեի սեփական մուտքերը ծրագրվել են 36.8 մլրդ դրամի չափով, այսինքն` աճը 2014 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ կկազմի 9.9 տոկոս (ավելացում` 3.3 մլրդ դրամ):

Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2015թ. կկազմի մոտ 45,518.7 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 1,828.6 մլն դրամով (4.2 տոկոսով):

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ` 2015թ. բյուջեի նախագիծը հստակ սոցիալական ուղղվածություն ունի. միայն սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսված են ավելի քան 22մլրդ դրամ` ընթացիկ տարվա 19 մլրդ 700 մլն դրամի փոխարեն: Կառավարությունը շարունակելու է որդեգրած աշխատավարձային քաղաքականությունը. գալիք տարվա հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով` 50 հազարի փոխարեն կազմելով 55 հազար դրամ:

Գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի մոտ 3 մլրդ 600 մլն դրամ, որը կազմում է պետական բյուջեի ծախսերի 4.1 տոկոսը: Նախատեսվում է կատարել 9.0 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ: Կապիտալ շինարարության ծախսերրը կրճատվել են, սակայն, կառավարության ղեկավարի խոսքով` ֆինանսական այլ աղբյուրներից բնակարանաշինության ոլորտում ծրագրեր կիրականացվեն` գալիք տարվանից հանրապետությունում առանձին խմբերի քաղաքացիների համար հիպոթեքային նոր ծրագրերի մեկնարկն ապահովելու համար:

2015թ. բյուջեով գումարներ են նախատեսվում նաև նոր ծրագրերի համար. այսպես` կանոնավոր ուղևորափոխադրումներում տոմսերի գործող և փաստացի արժեքի տարբերության հատուցման համար կհատկացվի 10 մլն դրամ, իսկ 2015 թվականի մարդահամարի կազմակերպման համար` 250 մլն դրամ:

2015 թվականի հունվարի 1-ից կրկնակի չափով կբարձրացվեն Արցախի պաշտպանության ժամանակ մարտա¬կան գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականություն¬ների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին տրվող պետական նպաստի չափերը՝ սահմանելով այն 42 հազ. դրամ` ներկայիս 21 հազ. դրամի փոխարեն:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը կբարձրացվեն 40 տոկոսով՝ սահմանելով այն 42 հազ. դրամ` գործող 30 հազ. դրամի փոխարեն:

2015 թվականին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կկրկնապատկվեն պատերազմի անմիջական մասնակիցներին ու զոհվածների այրիներին վճարվող միանվագ դրամական օգնության չափերը. դրանք կկազմեն 100 հազ. դրամ` գործող 50 հազ. դրամի դիմաց, իսկ հավասարեցված անձանց համար` 50 հազ. դրամ` գործող 25 հազ. դրամի դիմաց։

Միաժամանակ նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի ամսական չափը սահմանել 35 հազ. դրամ` ներկայիս 25 հազ. դրամի փոխարեն:
Վարչապետի խոսքով, երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ակնկալվող 9 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալու 2014թ-ի համեմատ բյուջեի եկամուտները ավելացնել 6.5, ծախսերը` 7.9 տոկոսով:

Առողջապահական համակարգի ծախսերը նախատեսվել են 5 մլրդ 750 մլն դրամի չափով, որը գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը 13.8 տոկոսով: Ավելացել են նաև կրթության և գիտության, մշակույթի ոլորտներին հատկացվելիք գումարները:
Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ ըստ առանձին ոլորտների հատկացումները միտված են երկրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի շարունակական զարգացմանը:

Բյուջեի քննարկումից հետո գործադիր մարմնի հավանությանն են արժանացել առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագիրը, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2015 թ. ծրագրերն ու դրանց շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2015թ. ծրագիրը նպատակաուղղված է երկրի տնտեսական աճի կայունության ապահովմանը՝ տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն: Ներկայացված ծրագրով ակնկալվում է ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության մասնաբաժնի ավելացում և նոր աշխատատեղերի ստեղծում:

Գործադիր մարմնի քննարկմանն է ներկայացվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «ԼՂՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««ԼՂՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակային ապահովության օրենսդրության միասնականացմամբ,քանի որ ներկայումս պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է տարբեր օրենքներով:

««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել հիմնական կենսաթոշակի հետ սոցիալական կենսաթոշակների չափերի փոխկապակցվածությունը։ Արդյունքում՝ կառավարությունը կկարողանա բարձրացնել սոցիալական կենսաթոշակների չափերը՝ ըստ անհրաժեշտության և հնարավորության, նախագծով սահմանվում է նաև զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման պայմանները:

Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում««ԼՂՀ բյուջետային համակարգի մասին», ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքներում: Քննարկվել և կառավարության հավանությանն է արժանացել <<Օրգանական գյուղատնտեսության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, այս առթիվ վարչապետը նշել է, որ միջոցառումների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավորություն է ստեղծվելու աշխարհին ներկայանալ օրգանական ապրանքատեսակներով, ինչին առաջնահերթություն է տրվում ողջ աշխարհում: Կառավարության հավանության արժանացած օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Նիստում ընդունված որոշմամբ՝ սահմանվել են ԼՂՀ ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների և արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողների լրավճարների դեպքերը և վճարման կարգը:
Կաթի պահանջարկի ավելացման, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով հաստատվել է կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական նոր կանոնակարգը: Մի շարք որոշումներ ուղղված են սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի կարգավորմանը:

Կառավարությունը սև ցելի մշակության և հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների պետական հաշվառման նոր կարգեր է սահմանել, որոնց համաձայն, մասնավորապես, սև ցելի կազմակերպման նպատակով հողօգտագործողներին կտրամադրվի պետական աջակցություն` համայնքային սեփականության և վարձակալության ու անհատույց օգտագործման իրավունքով հատկացված վարելահողերի համար` 1հա դիմաց 40 հազարի չափով:

Կառավարությունը սահմանել է զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, հաստատել է դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը, ինչի համաձայն` զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա դրամական օգնությունները վերանվանվել են ամենամսյա պարգևավճար¬ների։

Որոշմամբ հստակեցվել են նաև պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև պարգևավճար նշանակելու ժամկետները՝ դրանք նույնականացնելով կենսաթոշակ նշանակելու ժամկետների հետ։

Կառավարության որոշմամբ դեկտեմբերի 1-ից կիրառությունից հանվելու է ԼՂՀ-ում արտադրվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, իսկ 2015 թվականի հունիսի 1-ից կարգելվի ԼՂՀ տարածք (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից) ներմուծված կամ ԼՂՀ-ում արտադրված այդ թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը:

Տեսանյութեր

Լրահոս