Հռոմի պապը դարձել է Էրդողանի նոր նստավայրի օտարազգի առաջին հյուրը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Թուրքիա: Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ինչպես նաև Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիա Լուջիբելոն, Անկարայի նահանգապետ Մեհմեթ Քըլըչլարը և այլք:
Օդանավակայանից Հռոմի պապն ուղևորվել է Անըթքաբիր՝ Աթաթուրքի դամբարան և ծաղիկներ է դրել նրա գերեզմանին, ինչպես նաև գրառում է արել Անըթքաբիրի հատուկ տետրում: Անըթքաբիրից հետո Հռոմի պապն ուղևորվել է Թուրքիայի նախագահի նստավայր, ուր հրետանային 21 համազարկ է տրվել ի պատիվ նրա:
Ֆրանցիսկոսն այստեղ հանդիպել է Էրդողանի հետ՝ դառնալով Էրդողանի նոր նստավայրի՝ Աք Սարայի (Սպիտակ պալատ) առաջին օտարազգի հյուրը: Հռոմի պապի այցից առաջ ձեռնարկվել են անվտանգության բացառիկ միջոցներ, ինչը մասնավորապես վերաբերում է նրա տեղաշարժերին:
Անկարայում իր այսօրվա հանդիպումներն ավարտելուց հետո Ֆրանցիսկոսը վաղը կմեկնի Ստամբուլ, ուր կայցելի Սուրբ Սոֆիայի տաճար, Սուլթան Ահմեթի մզկիթ, Շիշլիի Սուրբ ոգի կաթոլիկ եկեղեցի, ինչպես նաև Պոլսո Հունաց պատրիարքարան և կհանդիպի պատրիարք Բարդուղեմիոսի հետ: Հռոմի պապը Թուրքիան կլքի նոյեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ 1000 սենյակից բաղկացած Էրդողանի նոր նստավայրի կառուցումն արժեցել է 615 միլիոն դոլար: