
Իրանը դիտարկում է Կասպից ծովի ջրերն Ուրմիա լիճ հասցնելու հնրավորությունը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ջրային ու էներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերությունը հետազոտում է Կասպից ծովի ջրերն Ուրմիա լիճ փոխադրելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Մոհամմադ Ռեզա Ռեզազադեն:
Նրա խոսքերով՝ ընկերությունը վերջին երեք ամիսներին հետազոտություններ է իրականացնում տվյալ թեմայի շուրջ, որին աջակցում են օտարազգի խորհրդատուները: Ռեզազադեն հավելել է, որ իրենք պլանավորում են իրենց հետազոտությունն ավարտել մեկ տարվա ընթացքում:
Ռեզազադեն հավելել է, որ եթե վերականգնման ուղղությամբ գործադրվող ներկայիս ջանքերը չտան արդյունք, ապա լիճը չորս տարվա ընթացքում կվերածվի ճահճի: Ուրմիա լճի ջրի մակարդակը նվազում է 1995 թվականից: Այն աղակալել է ավելի քան 70 տոկոսով: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ավելի վաղ ձևավորել է Ուրմիա լիճը փրկելու հարցերով աշխատանքային խումբ: