«Հայաստանի բոլոր կուսակցությունները սպասարկում են մի Աստծու՝ փողին». Աշոտ Մանուչարյան
Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ Հայաստանի քաղաքական ընտրանու 90%-ը սպասարկում է Միացյալ Նահանգների շահերը, իսկ 10%-ը՝ Ռուսաստանի:
168.am-ը հետաքրքրվեց Ա. Մանուչարյանից, թե կարո՞ղ է նա առանձնացնել այն ուժերին, որոնք սպասարկում են ԱՄՆ-ին և նրանց՝ ովքեր Ռուսաստանին:
«Մի օրինակ բերեմ, որ ձեզ պարզ լինի՝ ինչ անհեթեթ վիճակում է Հայաստանը: Իշխանությունը հիմա խոսում է ԵՏՄ-ից, այդ նույն իշխանությունը մեկ տարի առաջ գոչում էր՝ կեցցե Եվրամիությունը: Այդ մարդիկ պաշտպանում են մեկի դիրքորոշումը, որովհետև այդ մեկի հետ միասին կազմել են մի կորպորացիա, որը կոչվում է Հանրապետական կուսակցություն, որը զբաղված է երկրի թալանով: Եթե այդ երկրի թալանի համար առաջին դեմքը ասում է, որ «մենք դիրքերը պահպանելու համար պետք է Եվրամիություն ընդուենք», նրանք բոլորն ասում են՝ կեցցե Եվրամիությունը, եթե իշխանությունն ասում է ԵՏՄ, նրանք բոլորը գոռում են՝ կեցցե ԵՏՄ-ն: Այս տեսակետից՝ ես ի՞նչ ասեմ ձեզ: Հայաստանի քաղաքական համակարգը փողի համակարգ է, նրանք միավորված են, որ փող աշխատեն»,- պատասխանեց նա:
Մեր ճշտող հարցին՝ բոլո՞րն են այդտեղ փողի համար հավաքվել, Ա.Մանուչարյանը պատասխանե՝ գրեթե բոլորը:
Հարցին էլ՝ այդ դաշտում է նաև եռյա՞կը, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց.
«Գոյություն ունի կեղծ հարցերի շրջանակ: Մենք հիմա բաժանվել ենք՝ թիմ-թիմ ենք խաղում: Մի մասը պետք է ծեծի եռյակին, մյուս մասը պետք է ծեծի իշխանությանը, և մենք դրա մեջ ինչ-որ բան տեսնենք: Ես ինչո՞ւ եմ խուսափում՝ ոչ թե անհարմար եմ զգում այս կամ այն մարդուն վիրավորել, խնդիրն այն է, որ դա կեղծ հարց է: Ես ասացի՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները գտնվում են այդ նույն դաշտում: Կուսակցությունների փոփոխությունը չի բերելու կյանքի փոփոխության, նրանք բոլորը սպասարկում են մի Աստծու՝ փողին»: