Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը Բաթումում քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Վրաստան են ժամանել Թուրքիայի խորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ահմեթ Բերաթ Չոքարը և Ադրբեջանի խորհրդարանի՝ արտաքին ու միջխորհրդարանական փոխհարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը:
Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Բաթումում տեղի է ունեցել երեք երկրների օրենսդիր մարմինների արտաքին կապերի հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ նիստը:
Նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության ու միջխորհրդարանական համագործակցության հարցերը, տնտեսական, ներդրումների, մշակույթի ոլորտների փոխհարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության հարցը:
Նիստի մասնակիցները հայտարարել են, որ երեք երկրների փոխհարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն, ինչի մասին վկայում են երեք երկրների նախագահների, վարչապետերի, արգործնախարարների ու խորհրդարանների նախագահների կանոնավոր հանդիպումները:
Նրանք կարևորել են, որ արդեն իսկ սկսվել են հանդիպումներ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների մակարդակով: Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչները և վրացի փորձագետներ:
Միջխորհրդարանական առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ուենցել 2014 թվականի ապրիլի 22-ին: Պլանավորված է հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Կարսում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: