
Հռոմի պապը եռօրյա այցով ժամանում է Թուրքիա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով այսօր ժամանում է Թուրքիա: Ակնկալվում է, որ Հռոմի պապի ինքնաթիռը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վայրէջք կկատարի ժամը 14.00-ին:
Օդանավակայանում պատվիրակության հանդիսավոր դիմավորումից հետո Հռոմի պապը կայցելի Աթաթուրքի դամբարան (Անըթքաբիր), ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կհանդիպի նրա նախագահական նոր նստավայրում (Աք սարայ):
Ապա Հռոմի պապը կայցելի Թուրքիայի կրոնական հարցերով վարչություն (Դիյանեթ), ուր և կհանդիպի դրա ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ: Նոյեմբերի 29-ին Հռոմի պապը կմեկնի Ստամբուլ, ուր նախևառաջ կայցելի Սուրբ Սոֆիայի տաճար, ինչից հետո Ստամբուլի կենտրոնական Սուլթան Ահմեթի մզկիթ:
Հռոմի պապը Ստամբուլում հանդիպելու է Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոս I-ի հետ: Նոյեմբերի 30-ին Հռոմի պապը կշարունակի իր այցը Ստամբուլի եկեղեցիներ և Հռոմ կվերադառնա երեկոյան՝ ընթրիքից հետո: Ֆրանցիսկոսն այդպիսով կդառնա Թուրքիա այցելած Հռոմի չորրորդ պապը:
Հռոմի պապերի թվում առաջինը Թուրքիա այցելել է Պողոս VI-ը՝ 1967 թվականին: Երկրորդ այցը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ Թուրքիա այցելեց Հովհաննես Պողոս II-ը: Թուրքիա ժամանած վերջին Հռոմի պապը Բենեդիկտոս XVI-ն է, ով Թուրքիա է այցելել 2006 թվականին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Հռոմի պապի ու Ռուսաստանի նախագահի այցերի կապակցությամբ Թուրքիայում ձեռնարկվել են անվտանգության բացառիկ միջոցառումներ: Ռուսաստանի նախագահը Թուրքիա կժամանի դեկտեմբերի 1-ին: