Ճարտարը քաղաքի կարգավիճակ ստացավ
Այսօր ԼՂՀ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության առաջարկին եւ Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տվեց քաղաքի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ հուլիսին, տեղական հանրաքվե անցկացնելով, Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքների բնակչությունը քվեարկել էր երկու համայնքների միավորման օգտին: Ելնելով դրանից՝ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում:
Դրանց համաձայն՝ նաեւ առաջարկվում է Ճարտարի տարածքում գտնվող Զորավանին տալ քաղաքի կարգավիճակ՝ Ներքին ճարտար անունով՝ ընդգրկելով Ճարտար քաղաքային համայնքի կազմում:
Պատգամավորների հարցադրումները վերաբերում էին, ոչ թե Ճարտարի, այլ Ներքին Ճարտարի կարգավիճակին: Պատգամավոր Արմեն Սարգսյանն ու Վահան Բադասյանը ճշտեցին դրա հետեւանքները: ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանի խոսքով՝ Ճարտար քաղաքը կկառավարվի մեկ վարչակազմի՝ քաղաքապետարանի կողմից, Ներքին ճարտարում առանձին կառավարում չի իրականացվելու: Այսինքն վարչատարածքային առումով լինելու է մեկ համայնք, որը տարածքային առումով ընդգրկելու է երկու բնակավայրեր:
Օրենքն ընդունվեց ձայների 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: