Այսօր ողջ աշխարհն Ուկրաինայի կողքին է. Բան Կի Մուն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան՝ Ուկրաինային միջազգային հանրության աջակցության համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Պորոշենկոն հայտարարել է, որ ՄԱԿ-ն ու նրա ինստիտուտները և մասնավորապես ՄԱԿ ԳԱ-ն ու ՄԱԿ ԱԽ-ը համակարգում են Ուկրաինային միջազգային հանրության օգնությունը: Պորոշենկոն նաև անձնական երախտագիտություն է հայտնել Բան Կի Մունին՝ նոյեմբերի 2-ին Դոնբասում անցկացված «ընտրությունների» անցկացման հարցում հստակ ու միանշանակ դիրքորոշում հայտնելու համար:
Պորոշենկոյի խոսքերով՝ այդ հարցում Բան Կի Մունի արած հայտարարությունները ճիշտ և ժամանակին ազդանշան հանդիսացան աշխարհի համար: Բան Կի Մունն իր հերթին մտահոգություն է հայտնել, որ Դոնբասում տիրող իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը հայտնվել են տապալման վտանգի տակ:
Նա վստահեցրել է, որ այսօր ողջ աշխարհն Ուկրաինայի կողքին է, և որ ՄԱԿ-ը հետագայում նույնպես շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Մինսկյան պայմանավորվածությունները՝ Դոնբասում առկա իրավիճակի ապաէսկալացման համար: