Ավիահարվածները Սիրիայում զինյալներին հարկադրել են կենտրոնանալ բնակելի թաղամասերում. ՄԱԿ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դիրքերին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 50 խաղաղ բնակիչ: Այս մասին նշված է ՄԱԿ ԱԽ-ի համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի պատրաստած զեկույցում:
Կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 865 մարդ, այդ թվում նաև 50 խաղաղ բնակիչ, որոնք ներկայացնում են Հալեպը, Դեյր էզ Զորը, Էլ-Հասիկը, Իդլիբն ու Ռաքքան: Ընդգծվում է, որ ռմբակոծությունները զինյալներին հարկադրել է կենտրոնանալ բնակելի թաղամասերում, ինչը հարուցում է մեծ մտահոգություն՝ կապված քաղաքացիական անձանց պաշտպանելու հետ:
Զեկույցի համաձայն՝ ևս առնվազն 239 խաղաղ բնակիչ դարձել է Սիրիայի կառավարական բանակի հասցրած ավիահարվածների զոհ: Սիրիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Դամասկոսի շրջակայքում նետել են 42 ռումբ: Վերջին երկու շաբաթվա մարտերի հետևանքով փախստականների թիվն ավելացել է մոտ 50.000 մարդով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ գրեթե 4 տարի ընթացող Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 200.000 բնակիչ: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները 2014 թվականի օգոստոսի 8-ից սկսել են ավիահարվածներ հասցնել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին, իսկ սեպտեմբերից՝ նաև Սիրիայում նրա դիրքերին: