Խոցված ուղղաթիռից դուրս բերված հատուկ սարքերը, որոնք գրանցել են թռիչքի ողջ ընթացքը, կցուցադրվեն ԵԱՀԿ դիտորդներին. Արծրուն Հովհաննսիյան (Տեսանյութ)
Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների թաղման արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց վերջին շրջանում հաճախ հնչող այն հարցին, թե ինչո՞ւ էին օդաչուները սահմանին այդքան մոտ անցկացնում զորավարժություններ, և հետաքննությունից հետո, որն արվում է դեպքի առթիվ, մեղավորների նկատմամաբ ի՞նչ պատիժ է սահմանվելու:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ եթե մի զորավարժարանում 20 տարի շարունակ այդ խնդիրը կատարվել է, որևէ մեղավոր գտնել տվյալ դեպքում, շատ դժվար է. «Դա նույն բանն է, որ Ադրբեջանը վաղը խրամատը ծակող մի հատ նոր զենք գնի, որը կարողանա ամբողջ հողաթումբը խոցի, ու, Աստված չանի, մեկը զոհվի, ասեք՝ բա մեղավոր գտեք:
20 տարվա ընթացքում հակամարտող կողմերը իրենց մարտավարությունները կատարելագործում են: Այսինքն՝ եթե անցյալ տարի հակառակորդը դա չէր անում, և այս տարի հանդգնել է ու արել է, դրա համար ահստեղ մարդ պատժե՞լ, կներեք, բայց դա կոռեկտ չէ»:
Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ բանակը ցանկացած դժբախտ պատահարի և անհաջողության դեպքում քննում և հետևություններ կատարում է, բայց այդ հետևությունները մասնագիտական են.
«Այսինքն՝ դրանց հիման վրա մենք կարող են նոր մարտավարություններ մշակենք, զենքեր գնենք, հազար ու մի կառավարման համակարգ փոխենք, բայց դա չի ենթադրում պարտադիր ինչ-որ մարդկանց պատժել»:
Նա նշեց նաև, որ եթե մարտական ուղղաթիռը մարտական գոտում է գտնվում, «ավտոմատ» միանում ենհամապատասխան համակարգերը: Նրա խոսքով՝ այդ սարքը միշտ լինում է, և եղել է խոցվող ուղղաթիռի վրա, բայց քանի որ նրանք զորավարժություններ կատարելիս են եղել, չեն մտածել, որ իրենց վրա կկրակեն, դրա համար էլ չեն միացրել դա:
Ա. Հովհաննիսյանը ասաց, որ իրենք ուզում են և հնարավոր է հասնեն նրան, որպեսզի հրավիրեն միջազգային դիտորդների, բայց այս դեպքում՝ Ադրբեջանի դիրքորոշումից շատ բան է կախված.
«Մենք ապացուցելու խնդիր, որպես այդպիսին, չունենք, և կարծում եմ՝ չկա մեկը միջազգային կառույցներից, որ այս ամեն ինչից գլուխ հանելով, կասկածում է դրա վրա, բայց մենք պատրաստ ենք այդ ինֆորմացիան ցույց տալ, և այս հարցում մեզ օգնեց նաև խոցված ուղղաթիռից դուրս բերված սարքավորումները»:
Նա տեղեկացրեց, որ այդ սարքավորումները միանշանակ ցուցադրվելու են ԵԱՀԿ դիտորդներին: Ա. Հովհաննսիյանը պարզաբանեց, որ խոսքը համապատասխան սարքերի մասին է, որոնք գրանցում են թռիչքի ողջ ընթացքը:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: