Մենք ամեն տարի ունենում ենք զոհեր՝ թշնամու կողմից արձակված գնդակներից. Չինարի համայնքի ղեկավար

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» և «Սահմանամերձ համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ Կառավարության ներկայացրած օրինագծերի վերաբերյալ այսօր իրենց դիրքորոշումն արտահայտեցին սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը և Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը: Նրանք նշեցին, որ օրինագծի մշակման գործընթացին իրենք չեն մասնակցել, և մինչ օրս չեն ստացել նաև ԱԺ կողմից ընդունված օրինագծի փաթեթը: Մովսես համայնքի ղեկավարն ասաց. «Մենք օրենքին ծանոթ ենք միայն լրատվամիջոցների կողմից ԱԺ նիստերի լուսաբանումից»:

Սամվել Սաղոյանն ասաց, որ վերջին ամիսների լարվածությունը սահմանային գոտիներում նորից հավաստեց այն փաստը, որ և՛ կառավարությունը, և՛ ամբողջ հայ ազգը պետք է կանգնի սահմանամերձ գյուղերի ժողովրդի կողքին.

«Եղան բազում այցելություններ, որոնց ընթացքում արվեցին բազում առաջարկներ՝ հարկային դաշտի թեթևացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման: Աջակցություն միշտ էլ եղել է. ապահովում են սերմացուներով, նաև մեզ ցանկանում են ապահովել գյուղտեխնիկայով, որպեսզի կարողնանաք հողերը մշակել: Այսօրվա հարկային արտոնությունները մեր և ժողովրդի կողմից արված առաջարկություններից են: Իհարկե, այս օրենքն ամբողջությամբ չի արդարացնում մեր սպասումները, բայց մասնակիորեն արդարացնում է:

Ես կխնդրեի մեր կառավարությանը հնարավորության սահմաններում բժշկական օգնություն ցույց տային ոչ միայն ադրբեջանցիների կողմից վիրավորված մարդկանց, այլև սոցիալապես անապահով գյուղացիներին ու նաև անչափահաս երեխաներին»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Արարատ Ավալյանը նշեց նաև, որ իրենց համայնքում կա հրշեջ մեքենա, շտապ օգնության մեքենա, բժիշկ, նոր կոմբայն, իսկ հիմնական նպատակը մնում է կենցաղային օգտագործման և ոռոգման ջրագծերի նորոգումը և Նորաշեն-Մովսես ավտոճանապարհի ասֆալտապատումը:

Սամվել Սաղոյանը նկատեց՝ իրենց համայնքում ամենամսյա գումար ստանում են դպրոցում աշխատող մանկավարժները, մանկապարտեզի, գյուղապետարանի աշխատակիցները, որոնց կարելի է մատների վրա հաշվել, իսկ մնացած գյուղացիների 80 տոկոսը իրենց եկամուտն ստանում են հող մշակելուց.

«Համայնքում կան մարդիկ, որոնք նույնիսկ չեն կարողանում վճարել տվյալ ամսվա էլեկտրաէներգիայի 3000 դրամ վարձը: 25-30 այդպիսի ընտանիք ունենք: Տարբեր հանդիպումներ ժամանակ քննարկվել են հոսանքի, գազի, ուսանողների վարձավճարների, առողջապահական ոլորտի, հրետակործված տների խնդիրները: Մենք ամեն տարի ունենում ենք զոհեր՝ թշնամու կողմից արձակված գնդակներից: Տները ևս վնասվում են: Մեր կառավարությունը միշտ աջակցում է, բայց մասնակիորեն»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս