«Առաջարկել էին նույնիսկ դասախոսել Ավիացիոն ինստիտուտում՝ հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, սիրում էր իր աշխատանքը, սիրում էր թռչել, իր տարերքը թռչելն էր, օդն էր». շտաբի պետի տեղակալը՝ մահացած օդաչուի մասին (լուսանկարներ)
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում շարունակվում է հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման հետևանքով մահացած օդաչուների հոգեհանգստի արարողությունը։ Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ մայոր Վաչագան Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերգեյ Սահակյանին՝ ուղղաթիռի հրամանատարին, ճանաչում է ավելի քան 21 տարի. «Միասին ծառայել ենք, երկար ուղի ենք անցել, հոյակապ անձնավորություն էր, բարձր ինտելեկտով օժտված, մեծ վարպետությամբ օդաչու էր։
Նազարյան Սարգիսը զորամասում ծառայում էր շուրջ 3 տարուց ավելի, ավագ լեյտենանտ էր։ Ինքը, ճիշտ է, օդաչու չէր, բայց անձնակազմի մեջ էր, տեխնիկ էր։ Ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտել էր կարմիր դիպլոմով, ուներ մեծ գիտելիքներ, և առաջարկել էին նույնիսկ մնալ և դասախոսել Ավիացիոն ինստիտուտում, բայց հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, սիրում էր իր աշխատանքը, սիրում էր թռչել, իր տարերքը թռչելն էր, օդն էր…»։
Մայոր Ստեփանյանն ասաց նաև, որ Ազատ Սահակյանը մեկ տարուց ավելի ծառայում էր զորամասում։ Նրա երազանքներից է եղել զորավարժություններին մասնակցելը, հատկապես՝ Արցախում. «Եվ իր երազանքն այսպես ստացվեց…»։