Մոտ 40 երկիր ցանկություն է հայտնել ԵՏՄ-ի հետ ստեղծել ազատ առևտրի գոտի. Նարիշկին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհի մոտ 40 երկիր հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու իր ցանկության մասին, սակայն Ուկրաինան չի հայտնել այդպիսի ցանկություն ու որդեգրել է եվրաինտեգրման կուրս:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նրա խոսքերով՝ արդեն իսկ եվրասիական ընտրություն է կատարել ԱՊՀ-ի հինգ երկիր: Նարիշկինը հայտարարել է, որ աշխարհաքաղաքական ընտրությունը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է.
«Սակայն քաղաքական գործիչներն իրենց որոշումներում պետք է հենվեն իրենց երկրի բնակչության բոլոր շերտերի ու բոլոր շրջանների դիրքորոշման վրա, ինչպես նաև հաշվի առնեն հարևան երկրների շահերը՝ տնտեսական հիմնական շահերը»: Նարիշկինը կոչ է արել ԵՏՄ-ում ակտիվացնել միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում նաև «կլոր սեղաններ» կազմակերպելու միջոցով: