Բաժիններ՝

Իտալական մաֆիայի բոսսերն ահաբեկելու ու իրենց ուժը ցուցադրելու համար սկսել են պահել էկզոտիկ կենդանիներ. Corriere della Sera

Իտալական Corriere della Sera թերթում հրապարակվել է Ա. Կրիսպինոյի «Կոկորդիլոսներն ու վագրերը պաշտպանության համար գումար են պահանջում» խորագրով հոդվածը.

«Իտալիայի անտառների պետական պահպանման ծառայությունը բացահայտել է ահաբեկելու ու ուժ ցուցադրելու մաֆիայի բոսսերի կողմից էկզոտիկ կենդանիների օգտագործման պրակտիկան.

«Նա գտնվել է բնակարանում, ինչպես և յուրաքանչյուր տնային կենդանի: Խոսքը գնում է կոկորդիլոսի մասին: Սակայն դա ոչ թե պարզապես բնակարան է, այլ` Կազերտա նահանգի Օրտա դի Ատելա քաղաքի բոսսի զարմիկի կացարանը:

Ալիգատորն ընկերակցել է ձեռնարկատերերին ու առևտրականներին, որոնք հարկեր չեն վճարում մաֆիային: Ոչ մի զենք, ոչ մի կրակոց, ոչ մի ռումբ մուտքի մոտ: Կոկորդիլոսը եղել է ավելի համոզիչ ու ավելի քիչ աղմուկ է հանել»:

Կամորային (Նեապոլի մաֆիան) դասական «դրամական երեք վճարների» (Ամանոր, Զատիկ ու Համբարձման օր) ձգձգման հարցը լուծվել է հետևյալ կերպ. առևտրականին բերել են այն տունը, որտեղ գտնվել է ալիգատորը: Նրան վախեցրել են. «Կա´մ վճարում ես, կա´մ էլ դառնում ես նրա ճաշը»:

Միջադեպը, որը գրանցվել է 2009 թվականին, դարձավ սովորական պրակտիկա: Իտալիայի անտառների պետական պահպանման ծառայությունը հայտարարել է, որ դրանից հետո վտանգավոր կենդանիների ապօրինի առևտուրը հասել է վախեցնող մասշտաբների:

Նեապոլի նահանգում (Մուգանո) կլանի ղեկավարը հրամայել է իր վիլայի հարևանությամբ տեղավորել սիբիրյան վագրի: Ավելինոյում հայտնաբերվել է երկու մակակայի (կապիկի տեսակ) վանդակ: Բոսսի հրամանով` այն պետք է գտնվեր սենյակի կենտրոնում, ուր նա հանդիպել է իր ստորադասների հետ:

Եվ կարևոր չէ, որ մակակաները համարվում են վտանգավոր կենդանի ու Իտալիայում արգելված է նրանց պահելը: Վերջին ամիսներին քրեական շրջանակներում գնալով ավելի հաճախ են օգտագործում օձերի. խեղդող օձերի, ինչպես նաև անակոնդաների ու շառաչող օձերի:

«Սև շուկայում» դրանք արժեն 3000-5000 եվրո: Անտառների պետական պահպանման ծառայության գլխավոր կոմիսար Մարկո Տրապուցանոն հայտարարել է, որ հրաձգային զենքի հետ մեկտեղ Կամորան օգտագործում է այդպիսի կենդանատեսակների:

Այսպես, հանցագործները գիշերը կոտրել են «հարկ չվճարածի» ավտոմեքենայի հետևի ապակին և նրա սրահ են նետել երեք մետրանոց օձ` որպես նախազգուշացում:

Առյուծներին, վագրերին, ալիգատորներին, կապիկներին, օձերին օգտագործում են որպես իշխանության ցուցիչ, այն բանի ցուցադրության համար, որ նրանք, ովքեր ունեն այդպիսի կենդանիներ, կարող են իրենց թույլ տալ խախտել օրենքը: Որքան հազվագյուտ է կենդանին, այնքան իր ստորադասների աչքերում իրեն ավելի ամենակարող է զգում բոսսը:

Եվ դա նաև նրա համար, որ վիլայում այդպիսի կենդանիներ պահելն ուղեկցվում է վիթխարի ռիսկով: Նրանց մի մասի գինը հասնում է մինչև 30.000 եվրոյի: Հետաքննիչները պատմում են, որ մարդիկ, որոնք ավելի վաղ զբաղվել են թմրանյութերի ապօրինի առևտրով, այժմ անցում են կատարել հազվադեպ կամ վտանգավոր կենդանիներին:

Սակայն արդյոք կարելի՞ է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված կենդանիներին վերադարձնել նրանց բնակության միջավայր: Անտառների պետական պահպանման ծառայության ղեկավարի խոսքերով` դրա հավանականությունը շատ ցածր է:

Դժբախտաբար, խոսքը գնում է այնպիսի կենդանիների մասին, որոնց պահում են վատ պայմաններում, որոնք սովորել են մնալ վանդակներում: Նրանք չեն դիմանա բնական պայմաններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս