Պաշտպանության նախկին նախարար. Հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը

Հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` խոսելով հայկական ուղղաթիռի խոցման վայրում ԼՂՀ հատուկ նշանակության ուժերի իրականացրած վերջին գործողության մասին:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով` ստեղծված պայմաններում հայկական կողմն այլ ելք չուներ, քանի որ Ադրբեջանը հակամարդկային քաղաքականություն էր վարում` թույլ չտալով տարհանել ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների աճյունները:

«Կարծում եմ` ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը իրեն դրսևորել է որպես ոչ հումանիստ. թույլ չէր տալիս, որպեսզի մոտենային և այդ աճյունները վերցնեին: Նույնիսկ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը արդյունք չտվեցին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին թույլ չտվեցին դեպքի վայր: Հայկական կողմին ի՞նչ էր մնում անել, և հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը: Կազմակերպվել է օպերացիա, որի նպատակն է եղել սպաների աճյունների այնտեղից հանել, և այդ օպերացիայի ընթացքում, բնական է, ադրբեջանական կողմից նաև զոհեր են եղել»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Այս համատեքստում Պաշտպանության նախկին նախարարը մեր խնդրանքով նաև գնահատեց ԵԱՀԿ-ի` հակամարտություններով զբաղվող միակ մասնագիտացված կառույցի դերակատարությունն այս հարցում և մասնավորապես այն փաստը, որ ԵԱՀԿ-ն ի վիճակի չեղավ դիվանագիտական միջոցներով վերադարձնել հայ սպաների աճյունները:

Կարդացեք նաև

«Ակնհայտ է մի բան, որ այդ կազմակերպությունը որևէ ազդեցություն չունի ադրբեջանական կողմի վրա, և Ադրբեջանը որևէ նշանակություն չի տալիս այդ կազմակերպություններին»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Տեսանյութեր

Լրահոս