Ժամանակ էր պետք, որ համաշխարհային հանրությունը տեսներ, որ հոգեկանի հետ կողք կողքի ենք ապրում. Ս.Շահինյան

Քաղաքականապես գրագետ հնարք էր, առանց՝ հիստերիայի: 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԼՂՀ զինված ուժերի՝ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի դուրսբերման մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Ս. Շահինյանի բնորոշմամբ՝ կատարված գործընթացները շատ համարձակ էին՝ նույնիսկ դիվանագիտական տեսանկյունից. «Որովհետև ավելի շատ այդտեղ հագուրդ են տվել մեր ազգային մենթալիտետին, քան դիվանագիտական խնդիրներին: Շատ ճիշտ մոտեցումներ, քայլեր են արել մարդիկ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե ում կողմն է արդարությունը և ուժը»:

Մեր հարցին՝ հանրավո՞ր էր նույն գործողությունն ավելի շուտ իրականացնել, Ս. Շահինյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Չէր կարելի: Ես դա ասել եմ: Կռիվը խաղ ու պար չէ, մարդիկ են զոհվում, մարդը ամենակարևոր, ամենաթանկ բանն է: Եթե կորուստներ ունենաս, պետք է արդարացված լինեն այդ կորուստներ: Չնայած՝ ոչ մի երեխու արցունք չարժե և ոչ մի հաղթանակ, բայց բոլոր դեպքերում, եթե պետություն ենք, ուրեմն՝ պետք է նաև արդարացումներ ունենանք:

Պետք էր ժամանակ, պետք էր նաև, որ համաշխարհային հանրությունը տեսներ, որ հոգեկանի հետ կողք կողքի ենք ապրում, ու տեսներ, որ մենք խնդիր ունենք, ուրիշ բան հո չէի՞նք ուզում, ասում էինք՝ դիակները հետ տվեք: Աբսուրդ է էլի, սա վերջն է: Եվ եթե չես տալիս, հիմա աշխարհը մեզ կհասկանա: Շատ կարևոր է, որ մեզ հասկանան գոնե մի փոքր չափով, ոչ թե հասկանան ադրբեջանցու ողբը»:

Դիտարկմանը՝ ստացվում է, որ այդ բոլոր միջազգային փաստաթղթերը, որ ստորագրում են, հիմնականում ձևական նշանակություն ունեն, և ամբողջը կարգավորվում է ռազմական գործողութունների միջոցով, Ս. Շահինյանը պատասխանեց, որ ցանկացած օրենք, եթե կիրառվում է թույլի կողմից, դա արդեն դատապարտված է.

«Նույնն է, ինչպես բիզնեսում. այսօր կարո՞ղ են օլիգարխներից մեկին կպնեն, չե՛ն կարող: Դա մեծ աղետ կլինի: Ցանկացած փոքր մանր-մունր ՍՊԸ-ների ղեկավարներին դնում են, մորթում են: Նույնն է միջազգայինում է: Պետք է շատ զգույշ խաղալ, ականապատ դաշտ է: Մենք ինչ-որ ուժեր ունենք, բայց այդ ուժերը համեմատելու չեն այսօրվա աշխարհում քաղաքականություն թելադրող ուժերի հետ: Պետք է նաև դա հաշվի առնել, դրա համար եմ ասում՝ շատ զգույշ, շատ գրագետ, շատ քաջ, խելացի ու համարձակ ձևով հարցը լուծեց մեր Պաշտպանության նախարարությունը»:

Հարցին էլ՝ ուղղաթիռը վերադարձված է, բայց, այնուամենայնիվ, դեռ պատասխանը չկա, ի՞նչ պետք է սպասել առաջիկայում, Ս. Շահինյանն այսպես արձագանքեց.

«Դրա համա՞ր: Պատասխանը պետք է մի անգամ լինի և վերջնականապես: Այստեղ միայն հայերի խնդիրը չի, լիքը մարդ այնտեղ զրկված են իրենց իրավունքներից: Այդ թուրքական Ադրբեջան կոչվող պետությունը պատասխան պետք է տա իր արածների համար: Մի ուղղաթիռը առիթ է դառնում: Առիթով չեն գնում հարձակման, գնում են անվտանգության խնդիրներից ելենլով, պետականությունը պահպանելու և ազգային մենթալիտետի համար»:

Տեսանյութեր

Լրահոս