«10 օրը բավական է եղել, որ մենք մեզ համար հստակեցնենք, որ ԵԱՀԿ-ի համանախագաները և այլ միջազգային տարբեր կազմակերպություններ ինչպես են վարվում նման դեպքերում»

«Ես էլ եմ զրուցել զինվորների հետ: Ես էլ եմ ինչ-որ բան առաջարկել, ասացին, հանգիստ եղեք, մենք նման գաղափարի ներքո բայց շատ ավելի անվտանգ այդ օպերացիան կձեռնարկենք, բայց դա ժամանակ է պահանջում»,- խոսելով՝ ԼՂՀ զինված ուժերի՝ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի վերադարձման մասին՝ այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Լ.Ալավերդյանը, խոսելով այդ հատուկ նշանակության գործողության մասին, նկատեց, որ դա ոչ թե պատրաստ մի մեխանիզմ է, այլ մտածվում է երկար ժամանակ. «Ես էլի շնորհակալական խոսքս պետք է ասեմ Պաշտպանության նախարարությանը: Ես բազմիցս եմ ասել՝ ամենակայացած և կարևորագույն օղակներից մեկն է ընդհանրապես իշխանության մեջ: Հայաստանում դա անփոխարինելի և իրապես կայացած, ամեն օր իր վրա աշխատող կառույց է»:

Ըստ իրավապաշտպանի՝ այս 10 օրը բավական է եղել, որ մենք մեզ համար հստակեցնենք, որ ԵԱՀԿ-ի համանախագաները և այլ միջազգային տարբեր կազմակերպություններ ինչպես են վարվում նման դեպքերում. «Ամեն անգամ ասում ենք՝ ո՞վ է մեզ օգնելու: Առաջին գծի վրա, մանավանդ, առաջին մի քանի ամիսը մնալու է մեր բանակը և մեր ժողովուրդը: Այս առումով, սա ևս մեկ դաս է՝ դառը, իհարկե»:
Ըստ Լ.Ալավերդյանի՝ շատ «անդուր» իմիջ ստեղծեց իր համար Ադրբեջանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս