
Պորոշենկոն վարչապետի պաշտոնում առաջարկել է Յացենյուկի թեկնածությունը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ Արժանապատվության ու ազատության օրվա կապակցությամբ դիմել է ուկրաինացիներին ու հայտարարել է, որ վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ նախագահն ավարտել է քաղաքական նախադրյալներ ստեղծելը` երկրում փոփոխություններ կատարելու համար:
Պորոշենկոյի խոսքերով` նորընտիր Գերագույն ռադայի առաջին նիստը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ, և որ ինքն անհապաղ խորհրդարանի հաստատմանը կներկայացնի վարչապետի թեկնածությունը, որին Սահմանադրության համաձայն իրեն կառաջարկի կոալիցիան:
Պորոշենկոն ակնկալում է, որ կոալիցիան կընդունի երկրի վարչապետի պաշտոնում Արսենի Յացենյուկին առաջադրելու մասին իր առաջարկը, սակայն դրա հետ մեկտեղ պետք է ամբողջովին թարմացվի կառավարության կազմը:
Նախագահն ընդգծել է, որ բարեփոխումները պետք է մեկնարկեն անհապաղ, որոնց նպատակը պետք է լինի կյանքի եվրոպական չափանիշներին աստիճանաբար հասնելը, որպեսզի իրենք կարողանան 2020 թվականին հայտ ներկայացնել ԵՄ-ի անդամ դառնալու համար: