«Հայաստան» նախաձեռնությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային կառավարիչներին
Աշոտ Մանուչարյանը հանդես է գալիս հերթական քաղաքական նախաձեռնությամբ. այսօր «Թեքեյան» մշակութային միության դահլիճներից մեկում հրավիրված միջոցառման ժամանակ նա հայտարարեց «Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն ստեղծելու մասին: Շարժման հիմնադիր ժողովի ժամանակ հայտարարվեց, որ այն միավորելու է ազատամարտիկներին, մտավորականներին և երիտասարդներին:
Ի տարբերություն գործող այլ ընդդիմադիր կուսակցությունների, որոնք ուզում են Հայաստանը փրկել գործող իշխանություններից, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը որոշել է Հայաստանը փրկել միջազգային կառավարիչներից:
Այս նախաձեռնության անդամները համարում են, որ Հայաստանի ներկա վիճակի համար պատասխանատու են առաջին հերթին՝ միջազգային կառավարիչները, հետո միայն՝ մեր ազգային իշխանությունները, որոնց նախաձեռնության անդամները համարում են սոսկ օպերատորներ:
Այսպես է մտածում ոչ միայն Աշոտ Մանուչարյանը, ով համաշխարհային ուժերի դեմ պայքարի հարուստ փորձ ունի, այլ նաև նրա շուրջ համախմբված մի քանի տասնյակ մտավորականները և գիտնականները:
Ի դեպ, դահլիճում էին Մանուչարյանի քաղաքական պայքարի մշտական ուղեկիցները`ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Արամ Մարտիրոսյանը, Իշխան Թովմասյանը, նաև «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և նրա կուսակցության մի քանի անդամներ:
Օրինակ, Մակեյանի կուսակցության անդամ Կառլեն Ալեքսանյանը, ով վարում էր «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հիմնադիր հավաքը, մանրամասն ներկայացրեց, թե ինչպես համաշխարհային կառավարիչները ներխուժեցին Հայաստան և իրենց ազդեցության տակ գցեցին Հայաստանի իշխանություններին:
Նա Լևոն Տեր-Պետրոսյանի 1998թ. հրաժարականը ևս բացատրեց նրանով, որ Տեր-Պետրոսյանը չցանկացավ ընկնել համաշխարհային կառավարիչների ազդեցության տակ, իսկ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը համաշխարհային կառավարիչները կազմակերպեցին, քանի որ մի պահ կորցրել էին վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ, և երբ նրանք տեսան, որ իշխանության են եկել Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, անակնկալի գալով՝ կազմակերպեցին այդ ոճրագործությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանն այն վախից, որ կարող են նոր «Հոկտեմբերի 27» կազմակերպել, սկսեց կատարել համաշխարհային կառավարիչների հայաստանյան օպերատորի դերը:
Այսքանից հետո նիստը վարողը եզրակացրեց. «Մեր հակառակորդը ոչ թե տեղական օպերատորներն են, չնայած նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել, այլ մենք պետք է ախտորոշենք մեր հիմնական հակառակորդին՝ համաշխարհային կառավարիչներին»:
Աշոտ Մանուչարյանն էլ համաշխարհային կառավարիչներին բնորոշեց՝ որպես խոզագայլերի, որոնք խոզի պես ագահ են և գայլերի պես՝ գիշատիչ: Ըստ Մանուչարյանի՝ մի ռեժիմը մյուսով փոխելը Հայաստանին որևէ օգուտ չի տա, և եթե մի իշխանությունը փոխարինվի մյուսով, ապա, միևնույն է, նորերը կլինեն նույնքան կոռումպացված և հանցագործ: Նա Հայաստանի փրկությունը գտնում է ժողովրդի իշխանության մեջ: Իսկ թե ի՞նչ է նշանակում՝ ժողովրդի իշխանություն, բացատրվում է «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հիմնադիր փաստաթղթում.
«Անհրաժեշտ է ժողովրդական վերահսկողություն և պարտադրանք իրականացնելով սեփական իշխանությունների և քաղաքական դաշտի նկատմամբ` էապես նվազեցնել արտաքին պարտադրանքների հնարավորությունները, չեզոքացնել սեփական իշխանությունների և քաղաքական դաշտի հնարավոր գահավիժումը դեպի ազգային շահերի դավաճանություն»:
Այսպիսով՝ Աշոտ Մանուչարյանն իր մի խումբ համախոհների հետ պատերազմ հայտարարեց համաշխարհային կառավարիչներին, որի նպատակը Հայաստանը նրանց ազդեցությունից զերծ տարածք դարձնելն է:
Այսուհետ Մանուչարյանի կյանքն և անվտանգությունն իրական սպառնալիքի տակ է, քանի որ, ինչպես իրենք էին ներկայացնում՝ համաշխարհային կառավարիչները գիշատիչ են և ագահ և կարող են վերացնել իրենց ճանապարհին կանգնող բոլոր հնարավոր ուժերին և անձանց:
Բայց Մանուչարյանը որոշել է չերկնչել այդ վտանգի առաջ. կամ հաղթել և ապրել պատվով, կամ՝ եթե ընկնել, ապա՝ հերոսի պես: Գուցե նրանց հերոսական պայքարը թմբիրից հանի անզգայացած հայ հասարակությանը: