ՄԻԵԴ վճռով` ՀՀ կառավարությունը 44.000 եվրո փոխհատուցում կտա Բուզանդի փողոցի երկու բնակիչներին

2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով՝ հօգուտ  Բաղդասարյանի և Զարիկյանցի: «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար, սակայն Եվրոդատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում:

ՀՀ կառավարության որոշմամբ 2005թ. պետության կարիքների համար վերցվել է Բուզանդի 25 հասցեում գտնվող 55.7ք.մ. մակերեսով բնակարանը:
Սեփականատերեր Ս. Բաղդասարյանին և Տ. Զարիկյանցին որպես փոխհատուցում
առաջարկվել է 20,080 ԱՄՆ դոլար (գույքի գնահատված արժեքը) և ևս 14,734.70 ԱՄՆ
դոլար, որպես խրախուսում, եթե պայմանագիրը ստորագրվի 5 օրվա ընթացքում
(ընդհանուր առմամբ 34,814.70 ԱՄՆ դոլար):

Սեփականատերերը առաջարկը մերժում են, և կառուցապատողի բողոքի հիման
վրա 10.05.2005 Կենտրոնի և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավորեցնում է նրանց կնքել
պայմանագիր` 20,080 ԱՄՆ դոլար գումարով:

01.12.2005 դիմումատուները հայց են ներկայացնում ՄԻԵԴ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության, պնդելով, որ խախտվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և 1-ին Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրենց իրավունքները:
21.11.2007 գործն ուղարկվում է ՀՀ կառավարությանը:

Կարդացեք նաև

28.08.2008 կառավարությունը դիմումատուներին առաջարկում է հաշտության
համաձայնագիր կնքել և ՄԻԵԴ-ից նրանց հայցը ետ վերցնելու և նրանց արդեն իսկ
վճարած 20,080 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու պայմանով՝ նրանց տրամադրել
իրենցից վերցված (55.7ք.մ.) բնակարանից 30 մետր հեռավորության վրա (Բուզանդ-
Կողբացի խաչմերուկում) կառուցվող շենքից 140 ք.մ. մակերեսով բնակարան և 2005թ.
օգոստոսից մինչև տվյալ շենքի շահագործման հանձնելը ամսական 120,000 ՀՀ դրամ`
որպես այլ բնակարան վարձակալելու համար վարձավճար (ընդհանուր 7,200,000 ՀՀ
դրամ), կամ վճարել 22,260,000 ՀՀ դրամ և վարձավճարի գումարը:

Այս առաջարկը ևս մերժվում է և պահանջվում 130,200,000 ՀՀ դրամ (մոտ 252,000
եվրո), գումարած 50,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ընդհանուր
առմամբ՝ մոտ 300,000 եվրո:

ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջում է հստակեցնել որպես փոխհատուցում
առաջարկվող բնակարանի տվյալները: Հարցմանն ի պատասխան կառավարությունը
տեղեկացնում է, որ որպես փոխհատուցում դիմումատուներին առաջարկվող կոնկրետ
բնակարանը 117.5 ք.մ. է, և դրա կոնկրետ հասցեն է՝ Ամիրյան 4/6 շենք, բնակարան 31, և
ՄԻԵԴ է ուղարկում բնակարանի սեփականության վկայականը:

Հաշտության համաձայնության հասնելու անհաջող փորձերից հետո կառավարությունը 10.09.2010 հանդես է գալիս Միակողմանի հայտարարությամբ՝ ընդունելով, որ խախտվել են դիմումատուների Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրավունքները և պահանջելով ՄԻԵԴ-ից դադարեցնել գործի քննությունը և առաջարկում է դիմումատուներին տրամադրել նշված բնակարանը՝ որպես փոխհատուցում նրանց կրած ամբողջ վնասի համար:

27.10.2010 ՄԻԵԴ ուղարկված նամակով դիմումատուները մերժում են
կառավարության միակողմանի հայտարարությունը նշելով, որ նշված բնակարանը չի
հանդիսանում արդարացի փոխհատուցում իրենց կրած վնասի համար և պահանջում են
117,500,000 ՀՀ դրամ (մոտ 230,000 եվրո)՝ որպես նյութական վնասի փոխհատուցում և70,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև ՄԻԵԴ-ից
պահանջում են փաստաբանական ծախսերի փոխհատուցում:

15.11.2011 ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով կառավարության միակողմանի
հայտարարությունը, կայացնում է որոշում, որով դադարեցնում է գործի քննությունը և
պարտավորեցնում է կառավարությանը դիմումատուներին տրամադրել նշված
բնակարանը:

Կառավարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ տրամադրել
դիմումատուներին նշված բնակարանը, և պահանջում է վերադարձնել արդեն իսկ
վճարված 20,080 ԱՄՆ դոլար գումարը:

Դիմումատուները հրաժարվում են վերադարձնել 20,080 ԱՄՆ դոլար գումարը
պատճառաբանելով, որ ՄԻԵԴ որոշման մեջ դրա վերադարձի վերաբերյալ նշում չկա և
պահանջում են իրենց տրամադրել բնակարանը՝ առանց նշված գումարը
վերադարձնելու:

26.03.2012 դիմումատուների ներկայացուցիչ փաստաբան Ա. Գրիգորյանը
նամակ է ուղարկում ՄԻԵԴ՝ պահանջելով վերսկսել գործի քննությունը, քանի որ, ըստ
նրա, կառավարությունը հրաժարվում է իրենց տրամադրել նշված բնակարանը առանց
իրենց կողմից 20,080 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու:

10.07.2012 ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում վերսկսել գործի քննությունը:
Դիմումատուներն իրենց փոխհատուցման պահանջում ՀՀ կառավարությունից
պահանջում են 117,500,000 ՀՀ դրամ (մոտ 230,000 եվրո)՝ որպես նյութական վնասի
փոխհատուցում և 70,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում(ընդհանուր
առմամբ մոտ 300.000 եվրո) նաև ՄԻԵԴ-ից պահանջում են փաստաբանական ծախսերի
փոխհատուցում:

ՀՀ կառավարությունը ներկայացնում է իր առարկությունները և 13.11.2014
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացնում նշված գործով: Համաձայնելով կառավարության այն
դիտարկման հետ, որ փոխհատուցումը պետք է հաշվարկել դիմումատուների
իրականում կրած վնասը հաշվի առնելով, վճռում է, որ ՀՀ կառավարությունը
դիմումատուներին պետք է վճարի 32,000 եվրո՝ որպես նյութական վնասի
փոխհատուցում և 12,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ընդհանուր
առմամբ՝ 44,000 եվրո գումար:

Ամփոփում- ՀՀ կառավարությունը դիմումատուներին առաջարկում է իրենցից վերցված
55.7 ք/մ մակերեսով բնակարանի դիմաց տրամադրել 117.5 ք.մ մակերեսով բնակարան՝
պահանջելով վերադարձնել արդեն իսկ վճարված 20.080 ԱՄՆ դոլար գումարը:
Դիմումատուները հրաժարվում են վերադարձնել 20,080 ԱՄՆ դոլար գումարը՝
կառավարությունից պահանջելով մոտ 300.000 Եվրո գումար:
Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարում է՝ փոխհատուցման համարժեք
գումար համարելով 44.000 եվրոն:

Տեսանյութեր

Լրահոս