
Յանակիս Օմիրու. Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ վերաբերմունքն անթույլատրելի է

«Ես դատապարտում եմ յուրաքանչյուր բռնություն և տվյալ բռնությունը: Մենք սատարում ենք ՀՀ ԱԺ և կառավարության դիրքերը, և հակամարտությունը խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:
Անդրադառնալով խփված հայկական ուղղաթիռի օդաչուների անձնակազմի ճակատագրի խնդրին՝ Յանակիս Օմիրուն նշեց, որ հարգանքը զոհվածների հանդեպ պատմության խորքից եկող օրենք է և Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ վերաբերմունքն անթույլատրելի է:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Կիպրոսը ԼՂՀ ճանաչման խնդրին, Յանակիս Օմիրուն պատասխանեց. «Կիպրոսն առաջնորդվում է միջազգային իրավունքի նորմերով, ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերով և բոլոր միջազգային այլ օրենքներով: Այդ շրջանակներում ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք սատարում ենք ՀՀ դիրքերը, որ խնդիրը կարգավորվի միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված նորմերով»: