Մաքսային միության անդամները որոշ լրջագույն «սողուններից» կապահովագրեն տարածաշրջանը. Գ. Եղիազարյան (տեսանյութ)
«Այս իշխանությունների վիճվարչության տվյալների համաձայն՝ Հանրապետությունում կա 82 հազար ծայրահեղ աղքատ մարդ: Ես ուզում եմ ֆիքսել, թե մենք ինչ հնարավորություններով ենք մուտք գործում Մաքսային միություն»: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱ նախկին փոխնախարար, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյան, ով ողջունում է ՀՀ-ի մուտքը Մաքսային միություն:
«Եթե սրանք մի բան արել են տրամաբանությանը մոտիկ և ոչ հակամարդկային, միգուցե, այս Մաքսային միությունն է, որին մենք պետք է անդամակցենք»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ որոշ փորձագետներ նշում են Մաքսային միությանն անդամակցելու բացասական կողմերի մասին, Գ.Եղիազարյանը պատասխանեց, որ այսօր ոչ անկախ երկիր գոյություն չունի. «Ի՞նչ ենք հասկանում՝ անկախություն ասելով: Ես այսպես եմ հասկանում՝ մենք ունենք մեր Սահմանադրությունը, մեր պետական սահմանները: Իսկ ինչ վերաբերվում է, թե այդքան անկախ լինելով՝ մենք ո՞նց ենք հանդուրժում սենց իշխանություն, սա ուրիշ խնդիր է: Անկախությունը խիստ հարաբերական հասկացողություն է, և, իմ կարծիքով՝ մենք անկախությունը չենք կորցնում, որովհետև եթե մարդ իրեն անկախ է զգում, ունի ողնաշար, եթե մարդ ստորանալու հատկություն չունի, նրանից անկախությունը հենց այնպես չես վերցնի և քո կամքը չես թելադրի»:
Ըստ Գ. Եղիազարյանի՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արտահանման ծավալները կավելանան. «Հիմնականում 60-70 տոկոսը մենք արտահանում ենք գյուղմթերք: Գյուղմթերքների արտահանման հիմնական գաղտնիքը այդ մթերքի արտահանման արագության մեջ է: Բնական է, որ նույն միության անդամ լինելուց՝ մենք ոչ մի խոչընդոտի չենք հանդիպելու արտահանման տեսակետից, այսինքն՝ գյուղատնտեսության մեջ կորուստներ չենք ունենա»:
Նա կարծում է նաև, որ Մաքսային միության անդամները որոշ լրջագույն «սողուններից» կապահովագրեն տարածաշրջանը:
Հարցին՝ մենք ունե՞նք այդ բավարար ներուժը, որ կարճ ժամանակահատվածում կարողանանք ԵՏՄ-ի ստեղծած այդ հնարավորություններին արագ արձագանքել, Գ. Եղիազարյանը պատասխանեց, թե դրա համար 6-7 ամիս է անհրաժեշտ.
«Հիմա որ ասեմ՝ կասեն Հովիկ Աբրահամյանին եկել է պաշտպանելու: Հովիկ Աբրահամյանը եկել է մի հատ ծակ գրպանի է հանդիպել, որից ամեն ինչ թալանել, կերել են տզրուկները: Մի հատ հարցրեք այդ տզրուկներին՝ 4.5 միլիարդը, որ վերցրել եք այս 6 տարում, որ 3.5 միլիարդ հենց այնպես վերցրել եք, 3.5 աշխատանքային տեղ ստեղծե՞լ եք ՀՀ քաղաքացու համար, որ ձեզնից զզված երկիրը չլքի գնա: Կամ՝ եթե մի բան արել եք, մտցրեք հաշվետվության մեջ, հաշվետու եղեք: Ո՞նց կարելի է՝ ոչինչ չանելով միլիարդներ կուտակել ընչազուրկների հաշվին ու երկրում էլ ունենալ 82 հազար սոված մարդ: Իրական թվերն ավելի սարսափելի են: Եթե սուս ու փուս մնանք, ավելի խայտառակ բաներ կանեն, որովհետև սրանք ամեն ինչի ընդունակ են»:
Ըստ Գ. Եղիազարյանի՝ երկրի այս վիճակի միակ մեղավորը նախագահ Ս. Սարգսյանն է: