«Պետք է անհապաղ գրոհել այդ տարածքի վրա, մեր ուղղաթիռի գտնվելու վայրից առաջ գնալ»
Ադրբեջանցիների խոցած հայկական ուղղաթիռի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Կարապետյանի հետ:
-Պարոն Կարապետյան, արդեն մեկ շաբաթ է` ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական զինուժի կողմից` ղարաբաղաադրբեջանական շփման գծի չեզոք գոտում: Եթե հայկական կողմը դիմի հատուկ ռազմական գործողությունների` տեղանքին մոտենալու եւ ամենայն հավանականությամբ մեր զոհված 3 օդաչուների դիերը վերադարձնելու համար, դա ի՞նչ հետեւանքների կհանգեցնի:
-Ընդհանրապես ոչ մի հետեւանքներ էլ չի ունենա: Բոլորն ասում են, որ դա պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ, բայց դա այդպես չէ: Այդ միջադեպը չի հանգեցնի պատերազմի վերսկսման, եւ եթե մերոնք կարող են, պետք է անհապաղ գրոհեն այդ տարածքի վրա, նույնիսկ մեր ուղղաթիռի գտնվելու վայրից ավելի շատ առաջ գնան, պատժեն այդ տհասներին: Թե ինչու՞ դա չի արվում, ես չգիտեմ: Ի՞նչ քաղաքականություն է վարում մեր կողմը, ինչու՞ են ձեռնպահ մնում, չեմ կարող ասել: Ես լինեի, միանգամից հարձակվելու հրաման կտայի՝ մոտակա ադրբեջանական 3-4 դիրքեր վերացնելու համար, որ իրենք մոռանան հետագայում մեր հանդեպ ոտնձգություններ իրականացնելու մասին: Ինչու՞ մինչեւ հիմա միջոցներ չենք ձեռնարկում: Ի՞նչ է, դա ցույց է տալիս, որ մենք ու՞ժ չունենք, որ այդ տարածքը վերցնենք:
-Այս հարցում միջազգային հանրությանը, հատկապես ԵԱՀԿ-ին ապավինելը, որքանո՞վ է ճիշտ հայկական կողմի համար:
-Միջազգային կառույցներն արդեն 20 տարի է` ջուր են ծեծում: Այդ խաղաղարարական ուժերը ցույց են տվել, որ ընդհանրապես չեն գործում եւ ոչ մի տեղ իրենք պիտանի չեն: Այդ կազմակերպություններն անուժ են: Եթե միջազգային ասպարեզում համարում են, որ Հայաստանն ագրեսոր է, Ադրբեջանի տարածքներն է գրավել, ուրեմն այդ երկիրն իրավունք ունի ոտնձգություննե՞ր իրականացնի մեր հանդեպ: Հայկական դիվանագիտության թուլությունն է, որ համաշխարհային ասպարեզում չեն կարող ճիշտ մատուցել, թե Ղարաբաղյան հակամարտության սրացման պատճառը ինչն է:
Մանրամասներն՝ այստեղ