Սեյրան Օհանյանը՝ ուղղաթիռի անձնակազմի մասին. «Մենք մինչև վերջ փորձելու ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել»

«Մենք այսօր մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, որովհետև կարծում ենք, որ մեր հարևանները կհասկանան, որ, ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն՝ պետք է թույլատրվի թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումը և տեղափոխումը: Այլ տարբերակները ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտկական ճանապարհով հարցի լուծման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հայկական Մի-24 ուղղաթիռի խոցմանը:

Լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանը ռազմագերներին մահացած զինվորների հետ փոխանակման առաջարկ է հնչեցրել, Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց.

«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, և կարծում եմ, որ բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և կատարած հանցագործության համար պետք է պատասխան տան»:

Հարցին՝  ադրբեջանական սադրանքը պատերազմ հրահրելու նպատա՞կ էր հետապնդում, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Գիտեք, այս տարիների ընթացքում նրանց կողմից իրականացված բոլոր տիպի խախտումները սադրանքներ են, որոնք լարվածության համապատասխան աստիճան են ապահովում՝ բանակցային գործընթացում հաջողություններ ունենալու համար»:

Կարդացեք նաև

Լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին նաև՝ արդյոք նրա կարծիքով ուղղաթիռի նման խոցումը նախապես պլանավորված է եղել: Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց. «Գիտեք, ուղղաթիռի անձնակազմը ուսումնավարժական թռիչքներ կատարելու ժամանակ է խոցվել և մեր տարածքում: Կարծում եմ, որ սա բոլոր տիպի նորմերի խախտում է և անկասկած, զորավարժությունների ընթացքում իրենք մարտական պատրաստականությունը բարձրացնում են և նախօրոք է, ինձ թվում, ցուցում տրված, որպեսզի խոցվեն»:

Սեյրան Օհանյանն ասաց նաև, որ առաջին իսկ օրվանից օդաչուների ընտանիքների հետ համապատասխան աշխատանք է կատարվել. «Հանրապետության նախագահի հետ մենք գտնվել ենք Արցախում: Ընտանիքի անդամներին այցելել են նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը և մնացած տեղակալները: Ընտանիքի անդամներին՝ հայրերին ես անձամբ երեկ եմ ընդունել և նրանց հետ համապատասխան աշխատանք կատարել, համբերություն ցանկացել և նաև հորդորել, որպեսզի համբերեն մինչև դիվանագիտական ճանապարհով մենք կարողանանք հարցը լուծել»:

Հարցին՝ եթե դիվանագիտական աշխատանքների միջոցով հաջողության չհասնեն, ո՞րն է լինելու պաշտպանության նախարարի պատասխանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարի պատասխանը հետևյալն է, որ մենք մինչև վերջ փորձելու ենք դիվանագտիական ճանապարհով հարցը լուծել: Մյուս տարբերակները ուժի մեջ են, միշտ էլ մնալու, իսկ դուք գիտեք, որ մյուս տարբերակներին մենք միշտ էլ պատրաստ ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս