
ԵԽԽՎ-ն դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ազատելու համար Ադրբեջանի կողմից եվրոպական կոնվենցիան կիրառելը

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԵԽ-ի բանտարկյալների արտահանձնման մասին կոնվենցիայի օգտագործումը՝ Ռամիլ Սաֆարովին անհապաղ արդարացնելու ու ազատելու համար:
ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովը, որը միավորում է ԵԽԽՎ-ի մոտ 60 առաջատար անդամի ու հանդես է գալիս նրանց անուններից, Քրիստոֆեր Չոփի (Մեծ Բրիտանիա) զեկույցի հիման վրա բանաձև է ընդունել Բրյուսելում:
Դրանում նշված է, որ Ռամիլ Սաֆարովի պարագայում Դատապարտյալների արտահանձնման մասին եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածն Ադրբեջանի կողմից կիրառելը հանդիսանում է միջազգային հարաբերություններում բարեխղճության ու օրենքի գերակայության սկզբունքների խախտում: Ընդգծվում է, որ կոնվենցիան նատեսված չէ հայրենիք վերադառնալուն պես բանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004 թվականին Բուդապեշտում քնած ժամանակ կացնահար է արել հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին և մտադիր է եղել սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մուկուչյանին, սակայն դա չի հաջողվել նրան։ 2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 30 տարով առանց ներման թույլտվության։
2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նույն օրը ներում է շնորհվել նրան, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից նրա կոչումը լեյտենանտից բարձրացվել մայորի: