«Քառյակի պահանջների կետերը ոչ թե 12-ն են, այլ 250-ը». Տիգրան Ուրիխանյանը՝ Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասին (տեսանյութ)
Քառյակի պահանջների կետերը ոչ թե 12-ն են, այլ 250-ը, իսկ 12-ը պարզապես առավել հրատապ լուծում պահանջող խնդիրներն են: Այս մասին լրագրողներին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը:
«Ի՞նչ բանակցել այդ կետերի առթիվ, որ ժողովրդի պահանջներն են: Դրանք լուծել է անհրաժեշտ, լուծել: Իշխանությունն է տիրապետում դրանք լուծելու լծակներին»,- ասաց նա:
Անդրադառնալով քաղաքապետարանին եռյակի տարբեր ուժերի կողմից հանրահավաքի իրազեկման հայտ ներկայացնելու հարցին, Տ.Ուրիխանյանն ասաց, որ գործընկերներն ազատ են ցանկացած գործողություն իրականացնել, սակայն վստահեցրեց, որ նրանք միշտ պահպանում են հիմնական ռազմավարական նպատակակետը:
«Հայաստանում քաղաքացու համար կյանքը լավ չէ, հարմար չէ, մեղմ ասած: Մենք ունենք սոցիալական, տնտեսական, իրավական ճգնաժամ: Ճգնաժամից պետք է շատ արագ դուրս գալ: Պատասխանատուները իշխանություներն են: Եթե չեն լուծում, իրենք իրենց գլխին բերում են իշխանափոխության հարցը: Եռյակը որևէ այլ նպատակ չունի: Հայաստանցու կյանքը մեր երկրում պետք է փոխվի, դրան խանգարող բոլորը պետք է հեռանան»,- հայտարարեց Տ.Ուրիխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում