Բաժիններ՝

«Եթե այս վիճակը պահպանվի, մենք սահմանամերձ շրջաններում այլևս բնակչություն չենք ունենա». Ահարոն Ադիբեկյան

«Ռուսաստանը մեզ համար կարևոր առևտրային գործընկեր է. մենք Ռուսաստանից ստանում ենք տարեկան մոտ երեք միլիարդ դոլար գումար, որը մեր հայրենակիցներն աշխատում են այնտեղ և ուղարկում Հայաստան՝ դրանով պահելով մեր ներքին շուկան: Հիմա ի՞նչ է նշանակում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը. դրականն այն է, որ մենք չենք կորցնի մեր ավանդական շուկան, մեր այն ապրանքները, որոնք եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում, կշարունակենք արտադրել և վաճառել Ռուսաստանում: Մյուս կողմից էլ՝ այդ հոսքերը չեն վերահսկվի այնպես, որ մեզ համար լինեն լիարժեք օգտավետ, այսինքն՝ կարող են օգտվել միջնորդները, մեծածախ առևտրով զբաղվող վաճառականները, իսկ բնակչությունը, մեկ է, կմնա նույն մակարդակի վրա»,- այսօրվա ասւլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակում թանկացումներ անպայման սպասվում են. «Այն, ինչ պետության վերահսկողությունից դուրս է, միանշանակ թանկանալու է: Արդեն թանկացում կա. ձուն, օրինակ, թանկացել է: Էլեկտրաէներգիայի, գազի վերջին տարիների գնաճը, սննդամթերքի զգալի գնաճը, որ մենք զգում ենք և տնտեսական որոշ տեմպերի բավականին դանդաղեցումը կբերեն նրան, որ Հայաստանի արդեն իսկ բևեռացող բնակչությունն ավելի կբևեռանա, քանի որ արտագաղթում է միջին դասը: Այդպիսով Հայաստանում մնում են միայն հարուստներն ու չքավորները: Այդ բևեռացումը գների բարձրացման պայմաններում ավելի կսրի սոցիալական վիճակը: Ու մի զարմացեք, որ Կառավարությունը նոր-նոր որոշում է ընդունել սահմանամերձ որոշ գյուղերին արտոնություններ տալ կոմունալ ծախսերը փակելու համար, քանի որ եթե այս վիճակը պահպանվի, մենք սահմանամերձ շրջաններում այլևս բնակչություն չենք ունենա»:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս