Ջոն Քերին Իրանին կոչ է արել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների միջև «միջուկային» բանակցությունները կպսակվեն հաջողությամբ:

Դրա հետ մեկտեղ Քերին հրաժարվել է կանխատեսել դրանց արդյունքը: Քերին Իրանին կոչ է արել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ ապացուցելու համար սեփական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը. «Շատ կարևոր է, որ Իրանն աշխատի մեզ հետ ու գործադրի հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի ապացուցի աշխարհին, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ»:

Ֆիլիպ Համոնդն իր հերթին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եզրափակիչ համաձայնագիրը կարող է ստորագրվել սահմանված ժամկետում՝ մինչև նոյեմբերի 24-ը, սակայն դրա համար իրանական կողմը պետք է ընդառաջ գնա Արևմուտքին:

Սրանից առաջ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվելը հնարավոր է, եթե Արևմուտքը չներկայացնի չափազանց մեծ պահանջներ:

Տեսանյութեր

Լրահոս