Այստեղ Սահմանադրության հետ խնդիր չկա. Լևոն Մարտիրոսյանը՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի մասին
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային կազմակերպություն է, իսկ Հայաստանը բազմաթիվ միջազգային կազմակերպությունների անդամ է՝ սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, վերջացրած՝ Առևտրի համաշխարահային կազմակերպությամբ. Սահմանադրության որևէ խախտում այստեղ չկա: Այս կարծիքին է սահմանադրական իրավունքի և միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ փորձագիտական և իրավաբանական շրջանականերից տեսակետներ են հնչում, որ թեև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը խախտում է Սահմանադրության 1-ին և 2-րդ դրույթները (ինքնիշխանության և ժողովրդաիշխանության մասով), Լ. Մարտիրոսյանը նկատեց, որ հակառակը՝ սա միանշանակ համապատասխանում է Սահմանադրությանը։
«Որովհետև մենք միջազգային հարաբերություններ կարող ենք ունենալ և կարող ենք անդամակցել ամենազանազան միջազգային կազամակերպությունների, ամենազանազնան տնտեսական բլոկների: Գուցե այն մարդիկ, ովքեր կարծիքներ են արտահայտում Սահմանադրության խախտման վերաբերյալ, պետք է ավելի մանրամասն հիմնավորեն, թե ինչ մասին են խոսում:
Այլ հարց է, որ ոչ բոլորին է դուր գալիս, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն է անդամակցում, այլ ոչ թե ասոցացման համաձայնագիր է կնքում Եվրամիության հետ: Սա ավելի շատ քաղաքական հարց է, քան՝ սահմանադրական իրավունքի հետ կապված: Այսինքն՝ իրավունքի հետ կապված խնդիր չկա այստեղ»:
Դիտարկմանը, որ ըստ փորձագետների՝ ԵՏՄ պայմանագրով նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի որոշումներն անբեկանելի են, Լ.Մարտիրոսյանն այպես պատասախանեց.
«Եթե մենք ինտեգրվում ենք այս կամ այն տնտեսական կամ քաղաքական բլոկին, մենք ինքնիշխանության որոշակի կորուստ ունենում ենք, ոչ միայն մենք այլև մեր գործընկերները, այստեղ որևէ վատ բան չկա: Մենք կամովին համաձայնում ենք որոշակի լիազրոություններ գործուղել այս կամ այն վերազգային մարմնին, որը արել ենք նաև այլ դեպքերում: Այնպես որ, այստեղ Սահմանադրության հետ գոնե խնդիր չկա»: