Արշակ Սադոյանը` Գուրգեն Եղիազարյանին. «Իրենց գործակա՞լն եք ստեղ»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ 1 միլիարդ ԱՄՆ դոլար է աշխատել Ադրբեջանի հետ ռազմական գործարքից, այսօրվա ասուլիսում  հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Քաղաքական գործչի կարծիքով` նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանցիների կողմից հայկական ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել է հայ-ադրբեջանական նոր պատերազմ հրահրելու նպատակով, և այսօր էսկալացիայի լուրջ վտանգ կա:

Ասուլիսում Արշակ Սադոյանի ընդդիմախոսն 1990-ական թթ. Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էր, ով, ի պատասխան Սադոյանի հայտարարության՝ ասաց. «Պուտինը լավ է արել»:

Գ. Եղիազարյանը հարցն այլ կերպ է դնում` մեղադրելով Հայաստանի և ԼՂՀ-ի իշխանություններին և զինվորական հրամանատարությանը սահմանին զորավարժություններ կազմակերպելու և «անզեն ուղղաթիռը թշնամու երախն ուղարկելու համար: «Այստեղ դիտավորություն չե՞ք տեսնում»,- ասաց նա:

Նրա խոսքով` գլխավոր խնդիրն ուղղաթիռի անձնակազմի անդամների մասունքները հողին հանձնելն է, և այդ հարցում Հայաստանը պետք է վերջնագրի լեզվով խոսի Ադրբեջանի հետ. «Պետք է ասենք` կա´մ տալիս եք, կա´մ մտնում-վերցնում ենք»:

Կարդացեք նաև

Այս մոտեցման հետ կտրականապես համաձայն չէ Արշակ Սադոյանը. անկախական գործիչն ուշադրություն հրավիրեց իր այն պնդման վրա, որ հայկական ուղղաթիռը խոցվել է ռուսական «Իգլա» հակաօդային պաշտպանության զենքով: Նա ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանին, որն, ինչպես հայտնի է, մի քանի միլիարդ դոլարի զենք է տրամադրել Ադրբեջանին:

«Ո՞վ է շահագրգռված, որ պատերազմը վերսկսվի: Ո՞վ է տրամադրել «Իգլան» Ադրբեջանին, որ խփեն այդ ուղղաթիռը»,- հարց է հնչեցնում Սադոյանը` ինքն էլ պատասխանելով իր հարցին` Ռուսաստանը:

«Միակ կողմը, որ շահագրգռված է պատերազմի վերսկսման մեջ, Ռուսաստանն է: Եթե Ռուսաստանը 5 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, այդ զենքը պատից կախված չի մնա: Ավելին, Ռուսաստանը շահագրգռված է, որ վաճառի զինամթերք, որովհետև դրանից ահավոր գումարներ են գալիս հենց Կրեմլի իշխանավորների գրպանները: Այդ 5 միլիարդից առնվազն 1-ը տրվել է Պուտինին: Այսօր, երբ նավթի գներն այսպիսի կատաստրոֆիկ ձևով ընկնում են, Ռուսաստանի հիմնական նպատակն է՝  պայմաններ ստեղծել, որ այդ Բաքու-Ջեյհանը չաշխատի: Իսկ Բաքու-Ջեյհանը չի աշխատի այն ժամանակ, երբ Հայաստան-Ադրբեջան կռիվ լինի, հայերը ռմբակոծեն, շարքից հանեն»,- ասաց Ա. Սադոյանը`ավելացնելով, որ Ադրբեջանին անհամարժեք պատասխան տալու մասին այսօր խոսում են գլխավորապես «հյուսիսային» քաղաքականության կողմնակիցները, ովքեր ցանկանում են հրահրել նոր պատերազմ:

Ի պատասխան` Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց, որ դեռ չի էլ պարզվել` ի՞նչ զենքով է խոցվել հայկական ուղղաթիռը. գուցե դա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան կամ անգլիական զենք էր:

Գուրգեն Եղիազարյանի և Արշակ Սադոյանի բանավեճի շարունակությունը որոշ կրճատումներով ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

 

Ա.Ս.- Դե լավ, հո ձեռքով չե՞ն խփել: Իգլայով են խփել: Դու գիտես, որ Ստինգերով չեն խփել:

Գ.Ե.- Ի՞նչ է փոխվում: Գյուլնազ տատիկի հեքիաթներն են:

Ա.Ս.-  Ի՞նչ Գյուլնազ:

Գ.Ե.- Մի րոպե, ի՞նչ է փոխվում դրանից:

Ա.Ս.- Էն, որ ում զենքով խփել են, նա էլ շահագրգռված է զենք-զինամթերք վաճառելու մեջ:

Գ.Ե.- Եթե ամերիկյան զենքով են խփել, ի՞նչ անենք:

Ա.Ս.-  Ամերիկայի զենքով չեն խփել, հո զոռո՞վ չի:

Գ.Ե.- Էդ ռուսական պատմությունը մի հատ թողնենք` Կրեմլը, 5 միլիարդը… Հես ա 1 միլիարդ կասեմ, որ իր պաշտպանածն աշխատել է: Հես ա կասեմ:

Ա.Ս.- Չհասկացա: Շոյգուն է գնացել, 5 միլիարդի պայմանագիր կնքել:

Գ.Ե.-  Ես էլ ասում եմ` 1 միլիարդ վարկը վերցրել, ջնջել են:

Ա.Ս.- Է, դե հիմա ուզում եք արդարացնել, հանուն ինչի՞, որովհետև իրենց գործակա՞լն եք ստեղ:

Գ.Ե.- Լսի, ես…

Ա.Ս.- Էլ ի՞նչ լսի:

Գ.Ե.- Ես քո պես մարդկանց ընդհանրապես հավաքագրել եմ: Դու ո՞ւմ հետ ես խոսում:

Ա.Ս.- Իհարկե, դրա համար էլ ասում եմ:

Գ.Ե.- Ի՞մ հետ ես խոսում:

Ա.Ս.- Այո:

Գ.Ե.- Ուրեմն ես հավաքագրող եմ, ես գործակալ սարքող եմ: Ես երբեք գործակալ չեմ եղել:

Ա.Ս.- Հավաքագրողը պետք է ներշնչի իր գործակալներին` ինչի մասին խոսեն:

Գ.Ե.- Հիմա ներշնչում եմ քեզ: Էս Կրեմլ, բան, ուղղությունը փոխենք:

Ա.Ս.- Ինչի՞: Վտանգն այդտեղից է:

Գ.Ե.- Խնդիրը դա չի: Փոխանակ խոսենք` ո՞վ է մեղավոր: Թուրքը մեղավոր չի: Թուրքը մեր դարավոր թշնամին է:

Ա.Ս.- Եվ մեր դարավոր թշնամուն 5 միլիարդի զենք են վաճառում:

Գ.Ե.- Մենք խնդիր ունենք առաջին հերթին՝ հողին հանձնել մեր սուրբ մասունքները, որովհետև ծնողներն ամեն օր վերապրում են այդ սարսափը: Մենք էլ պիտի ասենք` այստեղ պետք է խոսենք վերջնագրի լեզվով: Պետք է ասենք` կա´մ տալիս եք, կա´մ մտնում-վերցնում ենք:

Ա.Ս.- Կամ պատերազմը վերսկսում ենք:

Գ.Ե.- Ոչ, պատերազմ չէ, լոկալ մտնում-վերցնում ենք: Իրենք օրը 30 000 անգամ մեզ վրա կրակ են բացել, էդ ե՞րբ ես պատերազմ սկսել: Պատերազմ պետք չի սկսել: Պատերազմ, որպես կանոն, տենչում են թույլ նախագահները, բռնակալները:

Ա.Ս.- Բա փողը, միլիարդը թողած` ինչի՞ց ես խոսում:

Գ.Ե.- Համբերի, լավ, գոռալով չի, ես ավելի բարձր կարամ գոռամ:

Ա.Ս.- Ներողություն, Պուտինն անձամբ 1 միլիարդից ավել փող է աշխատել, շահագրգռված է` 1 միլիարդ էլ աշխատի:

Գ.Ե.- Տո լավ է արել, Պուտինը լավ է արել, քո վրա 10 միլիարդ էլ պիտի աշխատի:

Ա.Ս.- Էղավ, էդ էլ մեր դարավոր բարեկամն է:
Գ.Ե.- Լավ է արել, այո´, դու Պուտինից գործ չունես, խոսա Սերժ Սարգսյանից: Արդեն շատ ես խանգարում, խոսա Սերժ Սարգսյանից:

Ա.Ս.- Էղավ, էղավ, իհարկե, բա ո՞նց կարելի է Պուտինից խոսել: «Մեր ԿԳԲ-ի մարդն է», հո ուրիշ մարդ չի՞:

Գ.Ե.- Լսիր, Պուտինը… ԿԳԲ-ն քո Սերժ Սարգսյանին շքանշան է տալիս:

Ա.Ս.- Հա, ես ի՞նչ անեմ:

Գ.Ե.-  Իրենից խոսա: Խոսա այն մարդուց, ով գնում, այնտեղ զորավարժություն է անում:

Մեր խոսակցությունն անսպառ է. անընդհատ կարող ենք սա ասել, նա ասել, բայց ասում եմ` այսօրվա դրությամբ համար առաջին խնդիրը մեր սուրբ մասունքներն այդ տականքների ձեռքից վերցնելն է:

Ա.Ս.- Ես ուզում եմ ասել հետևյալը` իսկապես խիստ վտանգավոր են այս «ուռռա» հայրենասիրական նոտաներով կամ «սուրբ մասունքների» հարցերը դնելով` նախապայմաններ ստեղծել պատերազմը վերսկսելու համար, որովհետև այդպիսի պատվեր կա:

Տեսանյութեր

Լրահոս