ՀԱՄԱՍ-ը ողջունել է Երուսաղեմում սինագոգի վրա կատարված հարձակումը. Նեթանյահուն սպառնում է կոշտ պատասխանով
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ շարժումը ողջունել է Երուսաղեմում սինագոգի վրա կատարված հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է 4 իսրայելցի: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ սինագոգում կատարված սպանդը հանդիսանում է Արևելյան Երուսաղեմում ավտոբուսի վարորդ Յուսուֆ ալ-Ռամունիի սպանության պատասխանը:
Վարորդի գործընկերները նոյեմբերի 16-ին նրան սպանված են հայտնաբերել ավտոկայանատեղիում կանգնած ավտոբուսի սրահում: Իսրայելական ոստիկանությունը կարծում է, որ խոսքը գնում է ինքնասպանության մասին, սակայն ալ-Ռամունիի հարազատներն ու գործընկերները նրա մահվան համար մեղադրել են հրեաներին:
Իսրայելցիների կողմից պաղեստինցու սպանության մասին լուրն արագորեն տարածվել է սոցցանցերում, ինչից հետո Արևելյան Երուսաղեմի մի շարք թաղամասերում սկսվել են անկարգություններ ու ոստիկանության հետ բախումներ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սինագոգի վրա կատարված հարձակումը որակել է որպես աղոթքի համար հավաքված հրեաների նկատմամբ գարշելի մարդասպանների արյունալի հաշվեհարդար: Նեթանյահուն աղետի պատասխանատվությունը դրել է ՀԱԱՄՍ շարժման ու անձամբ պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի վրա:
Իսրայելի վարչապետը խոստացել է տալ կոշտ պատասխան: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, մեկնաբանելով, սինագոգի վրա կատարված հարձակումը, հայտարարել է, որ խոսքը գնում է մաքուր ահաբեկչական ակտի մասին:
Նոյեմբերի 18-ին դանակներով, կացիններով ու ատրճանակներով զինված երկու պաղեստինցիներ մուտք էին գործել Երուսաղեմի արևմուտքում գտնվող Հար-Նոֆ շրջանի սինագոգ: Վերջին տվյալներով՝ հարձակվողներին հաջողվել է սպանել 4 աղոթող հրեայի, մինչև որ ոստիկանությունը սպանել է չարագործներին: Տուժել է 9 մարդ, նրանցից 5-ը գտնվում են ճգնաժամային վիճակում: