IFC-ն 3 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՖԻՆՔԱ-ին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիա) 3 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրում Հայաստանում գործող առաջատար վարկային կազմակերպություններից մեկին՝ ՖԻՆՔԱ-ին ՝ ընդլայնելու միկրո և փոքր
ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները, ինչը հնարավորություն է
ընձեռում խթանել վերջիններիս գործունեության աճը, ստեղծել նոր աշխատատեղեր և
նպաստել տնտեսության զարգացմանը:
Վարկը, որը տրամադրվում է ՀՀ դրամով, թույլ կտա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ին ավելացնել ցածր
եկամուտ ունեցող ձեռներեցներին տրամադրվող վարկավորման ծավալները, իսկ
հանրապետության բոլոր մարզերում ՖԻՆՔԱ-ի մասնաճյուղերի լայն ցանցը հասանելի
կդարձնի վարկավորումը անգամ հեռավոր գյուղական համայնքներին:
IFC-ն և ՖԻՆՔԱ-ն կնքեցին նաև Սվոպերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի
(ՍԴՄԱ) գլխավոր համաձայնագիրը, որը թույլ կտա ՖԻՆՔԱ-ին նվազեցնել արտարժութային ռիսկերն ու աջակցել իր վարկառուներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական գործունեությունը, որը հիմնականում իրականացվում է ազգային արժույթով:
Այս ՍԴՄԱ համաձայնագիրը առաջինն է Հայաստանում, որը IFC-ն կնքել է ոչ բանկային
կազմակերպության հետ:
ՀՀ ազգային արժույթով իր առաջին վարկը IFC-ն ՖԻՆՔԱ-ին տրամադրել է 2013թ-ին, որը
վերջինիս հնարավություն է տվել վարկավորել ավելի քան 3,000 հաճախորդի, որոնց 40%-ը
կազմում են կին ձեռնարկատերերը:
«Վարկավորման հասանելիությունը փոքր ձեռնարկատիրության հիմնական խնդիրներից
մեկն է Հայաստանում: ՖԻՆՔԱ-ի հետ համագործակցությունը մեր ռազմավարության կարևոր տարրերից է, որի նպատակն է ավելացնել այդ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի ծավալները,- նշեց IFC-ի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ֆինանսական
հաստատությունների խմբի ծրագրերի ղեկավար Մանուել Ռեյես Ռեթանան` շարունակելով,- Այս նախաձեռնությունը զարգացման նոր հնարավորություններ կընձեռի մասնավոր հատվածին` նպաստելով նրանց կյանքի պայմանների բարելավմանը և աղքատության նվազեցմանը Հայաստանում»:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է աշխարհի խոշորագույն միկրոֆինանսական
կազմակերպություններից մեկի՝ «ՖԻՆՔԱ» Ինթերնեյշնլ Ինք.-ին պատկանող և իր իսկ
կողմից կառավարվող «ՖԻՆՔԱ» Մայքրոֆայնենս Հոլդինգ ընկերության դուստր
կազմակերպությունը: IFC-ն իր հերթին հանդիսանում է «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Հոլդինգ
Քոմփանի» ընկերության հիմնական ներդրողը:
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր
հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին:
Աշխատելով ավելի քան 100 երկրների մասնավոր ձեռնարկությունների հետ, մենք,
օգտագործելով մեր կապիտալը, գիտելիքները և ազդեցությունը, օգնում ենք վերացնել
ծայրահեղ աղքատությունը և հասնել համընդհանուր բարեկեցության: 2014 ֆինանսական
տարում աջակցել ենք աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների
լուծմանը` հասցնելով մեր ներդրումները շուրջ 22 միլիարդ ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ
տեղեկությունների համար այցելեք www.ifc.org կայքը: