
Ռուսաստանը շարունակում է վարել ապակառուցողական քաղաքականություն. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած Վրաստանի իշխանությունների կառուցողական մոտեցմանը՝ Ռուսաստանը շարունակում է վարել ապակառուցողական քաղաքականություն: Այս մասին երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին.
«Ցանկանում եմ մեր մտահոգությունն ու ափսոսանքը հայտնել այն կապակցությամբ, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր կառուցողական մոտեցմանը՝ ռուսական կողմը շարունակում է օկուպացրած շրջաններում ապակառուցողական քաղաքականություն վարել Վրաստանի դեմ»:
Ներկայումս Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանում պատրաստված «Համագործակցության ու ինտեգրման մասին» պայմանագիրը, որի 5-րդ հոդվածը նախատեսում է ստեղծել Ռուսաստանի ու Աբխազիայի զինված ուժերի միացյալ խմբավորում՝ Աբխազիայի սահմանները համատեղ պաշտպանելու ու արտաքին ագրեսիան հետ մղելու համար: