Երկրի միասնությունն անխախտ է ու ենթակա չէ քննարկման. Իսպանիայի վարչապետ
EFE գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյը նամակ է հղել Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասին՝ պատասխանելով Իսպանիայի ինքնավար այդ մարզի անկախության մասին վերջնական հանրաքվե անցկացնելու մասին առաջարկին:
Իր ուղերձում Ռախոյը հաստատել է, որ Սահմանադրությամբ երաշխավորված Իսպանիայի միասնությունն անխախտ է և ենթակա չէ քննարկման: Միևնույն ժամանակ Իսպանիայի վարչապետն ընդգծել է, որ Կատալոնիայի խորհրդարանը կարող է բարձրացնել երկրի Սահմանադրությունում ուղղումներ անելու հարցը, ինչը պետք է դիտարկվի օրենքով սահմանված կարգով:
Իսպանիայի գլխավոր դատախազ Էդուարդո Տորե-Դուլսեն Կատալոնիայի գլխավոր դատախազությանը հրահանգել է արագացնել հայց ներկայացնելը՝ կապված նոյեմբերի 9-ին բնակչության շրջանում ինքնիշխանության մասին հարցում անցկացնելու շուրջ Կատալոնիայի կառավարության կողմից օրինականության խախտման փաստի հետ:
Սակայն Կատալոնիայի ավագ դատախազ Խոսե Մարիա Ռոմերո դե Տեխադան հրաժարվել է կատարել այդ ցուցումը՝ գտնելով, որ հայց ներկայացնելու համար չկան բավականաչափ իրավական հիմքեր: Դրա հետ կապված՝ Տորես Դուլսեն վաղը գումարելու է գլխավոր դատախազության նիստ՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը: