
Եթե անգամ հասարակության փոքր մասը մտածի իր նման, ապա Էրդողանն անմիջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Յուսուֆ Հալաչօղլու

Թուրքական Internet Haber կայքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի պատմագիտական ընկերության (Türk Tarih Kurumu, TTK) նախկին նախագահ, հայտնի հայատյաց, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրին:
Հալաչօղլուն քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում արտաքին ճնշմանը տուրք տալու ու զիջումների գնալու համար: Հալաչօղլուի խոսքերով՝ «իրականում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվել է ոչ թե 1.5 միլիոն հայ, այլ ընդհակառակը՝ հայերը 1914-1921 թվականներին սպանել են 518.301 թուրք մուսուլմանի, և որ առկա է այդ մասին վկայող մոտ 100 եղբայրական գերեզմանոց, մինչդեռ չկա հայկական գեթ մեկ եղբայրական գերեզմանոց»:
Հայկական հարցի կապակցությամբ քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին՝ Հալաչօղլուն հայտարարել է, որ «եթե անգամ թուրք հասարակության փոքր մասը մտածի նրա նման, ապա Էրդողանն անմիջապես կընդունի Հայոց ցեղասպանությունը»: