Ինչու Տիգրան Կարապետյանը որոշեց միանալ եռյակին (տեսանյութ)
«Պասիվ չենք եղել, ի սկզբանե մենք մեր ներուժը պահպանել ենք, կարողացել ենք պահպանել, եթե այսօր շտաբներ են ուզում բացել, մենք բացած շտաբներ ունենք տարբեր տեղերում»,-նման տեսակետ այսօր հայտնեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ԺԿ-ն վերջերս միացել է ոչ իշխանական եռյակի գլխավորած շարժմանը:
Տ. Կարապետյանը, ով իր նախորդ ասուլիսի ժամանակ եռյակի գործունեության արդարացի լինելը կասկածի տակ էր առնում, այսպես պարզաբանեց իրենց քայլը. «Ճիշտն ասած, ես մտածում էի՝ եռյակը միայն խորհրադարանական ուժերից է կազմված և մտածում էի, որ նրանք չեն ուզում, որ արտախորհրդարանական ուժերը միանան իրենց, բայց իր զարմանս ինձ՝ մեկնած ձեռքն ընդունեցին, ուրեմն՝ լուրջ պայքար է»:
168.am-ի հարցին՝ անցյալ ասուլիսին ասացիք, որ կմիանաք եռյակին միայն այն դեպքում, երբ մարդիկ ինքնաբուխ գան հրապարակ, այս ընթացքում ի՞նչ է փոխվել, Տ.Կարապետայնն այսպես պատասխանեց.
«Մենք խորհրդակցում ենք մեր կուսակիցների հետ: Պահն է եկել, որ միաձուլվենք: Բացի այդ՝ ես ձեզ ճիշտն ասեմ. Եռյակն ունի մի քիչ վստահության խնդիր ժողովրդի կողմից, ոչ բոլորն են ընդունում… Մարդիկ կան, որ ասում են՝ իշխանական պրոյեկտ է, մարդիկ կան՝ տարբեր բաներ են ասում: Ես համոզվեցի, որ այդ ձեռքը, որ մեկնեցինք և իրենք ընդունեցին, եթե իշխանական պրոեկտ լիներ չէին ընդունի»:
Մեր ճշտող հարցին՝ ձեռք մեկնեցիք, որ հասկանաք իշխանակա՞ն է, թե՞ ոչ, Տ.Կարապետյանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ եթե չընդունեին, պարզ կլիներ, որ եռյակն իշխանական պրոյեկտ է: